Ինչ ապագա է սպասում Սիրիայի քրիստոնյաներին. դիտորդները մտահոգ են

Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո անորոշ է Սիրիայում բնակվող քրիստոնյա փոքրամասնության ապագան: Չնայած իշխանությունը ստանձնած իսլամիստները հավաստիացնում են, որ բոլոր մարդկանց իրավունքները կպաշտպանվեն, դիտորդները թերահավատ են։


Սիրիացիները շարունակում են տոնել ալ-Ասադի վարչակարգի տապալումը, որի ընտանիքի ավելի քան 50 տարվա կառավարումն առանձնացավ երկրում չդադարող բռնաճնշումներով, հարյուր հազարավոր մարդկանց սպանություներով ու խոշտանգումներով:


Իրադրությունը, սակայն, Սիրիայում անորոշ է, հատկապես՝ քրիստոնյա փոքրամասնությունների համար։ Խոսքը, բնականաբար, նաև հայկական համայնքի մասին է:


In Defence of Christianity կազմակերպության գործադիր տնօրեն Ռիչարդ Գազելը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում փաստել է՝ Սիրիայի ժողովուրդն այսօր, իրոք, ազատ է, սակայն ինչպես կտնօրինի այդ ազատությունը, անորոշ է:


«Այսօր գլխավոր մարտահրավերը, իհարկե, կառավարություն ստեղծելն է, որը կհամապատասխանի ՄԱԿ-ի 2254 բանաձևին: Այն կոչ է անում ստեղծել սիրիական նոր կառավարություն, որն ակտիվորեն կներգրավի սիրիացի ժողովուրդին, կլինի միասնական և լիովին թափանցիկ միջազգային հանրության համար»,- ասել է նա: 


Գազելն, այդուհանդերձ, մտահոգ է՝ երկրում քրիստոնյա փոքրամասնությունների վիճակի հետ կապված:


Այսօր իշխանությունը Սիրիայում կենտրոնանում է իսլամիստների ձեռքին, մասնավորապես՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման, որն այս օրերին քարոզարշավ է տանում Արևմուտքին մոլորեցնելու, անգամ համուզելու համար՝ նշել է նա:


«Փաստն այն է, որ ոչ մի տարբերություն չկա այս խմբավորման՝ , և նրանց նախորդների՝ «Ջաբհաթ ալ-Նուսրայի», «Ալ-Քաիդայի» կամ նույնիսկ «Իսլամական պետության» միջև: Խմբավորումը, ինչպես նաև մյուս մրցակից կազմակերպությունները, կիսում է նույն փիլիսոփայությունը վերոհիշյալ խմբավորումների հետ, բայց դասեր է քաղել «Իսլամական պետության» և «Ալ-Քաիդայի» սխալներից, օգտագործում է դա իր ուղերձներում և քարոզներում՝ փորձելով մոլորեցնել, անգամ համոզել Արևմուտքին»,- ասել է Գազելը:


Ըստ լրատվամիջոցի զրուցակցի՝ այսօր քրիստոնյա փոքրամասնությունը չի ենթարկվում լայնածավալ բռնության Սիրիայում, քանի որ իշխանություն ստանձնած իսլամիստները փորձում են ներկայանալ աշխարհին որպես լեգիտիմ և օրինական ուժ:


«Մտավախություն ունեմ, որ ժամանակի ընթացքում ականատես կլինենք վարքագծի փոփոխությանը: Ինչպես ասացի՝ այժմ նրանք իրենց լավ են դրսևորում, սակայն կարծում եմ, որ երբ ամրապնդեն իրենց իշխանությունը, դա կամաց-կամաց կփոխվի»,- ասել է նա:


Ըստ Գազելի՝ արդեն իսկ նկատվում են առաջին նշանները, ներառյալ՝ ալկոհոլի օգտագործման արգելքը, հանրային տրանսպորտում կանանց և տղամարդկանց առանձնացումը, Դամասկոսի արվարձաններում զինյալների մոտ «Իսլամական պետության» դրոշի առկայության մասին վկայությունները:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Քաղաքականություն