Ում է ինֆորմացիա տրամադրել Հովիկ Աղազարյանը
Բավականին երկար դադար պահեցի, բայց կարծում եմ ժամանակն է, որ սրա մասին խոսեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Հովիկ Աղազարյանը, որ հիմա փորձում է ազատամտության ու կամ այլախոհության համար հալածյալի ու կամ զոհի կերպարի մեջ մտնել, բավականին զգալի ժամանակահատված եղել է ոչ ավել ոչ պակաս «Հրապարակ» օրաթերթի ինֆորմատորը՝ խմբակցության փակ նիստերից ու վարչապետի հետ հանդիպումներից։ Սա փաստացի հաստատել են Աղազարյանը և գրեթե ուղիղ հաստատել է տվյալ լրատվամիջոցը։
Ի՜նչ արժեր միայն «Հրապարակ» օրաթերթի` Աղազարյանին հեռացնելու հաջորդ օրը տպած ամոթանք-հեգնանքը՝ ՔՊ-ին՝ Աղազարյանի պես մարդուն հեռացնելու համար։ Սա, իհարկե, հասկանում եմ։ Ոչ մի լրատվամիջոց էլ չէր ուզի, որ իշխանական խմբակցությունից ինֆորմացիայի արտահոսքի իր բաժին անցքը փակվեր։ Այդ արտահոսքի անցքից օգտվելու մեջ ես լրատվամիջոցին չեմ էլ մեղադրում։
Ի դեպ, նաև պիտի արձանագրեմ, որ երբ իմացա՝ Աղազարայանն է եղել «Հրապարակի» ինֆորմատորը, վերջապես հասկացա, թե ինչու էին խմբակցության նիստերի մասին «Հրապարակի» մանրապատումները տեղ-տեղ հատում իրականության և բանականության սահմանները։
Ինչևէ, թույլ տվեք ասել, որ սեփական թիմի ներսից տեղեկությունները ակնհայտորեն քաղաքական հակառակ ճամբարի լրատվականին փոխանցելը, այս ճանապարհով տարատեսակ ներթիմային ինտրիգներ հյուսելը, վարչապետի հետ փակ հանդիպումների ժամանակ հնչած խիստ զգայուն ինֆորմացիան անգամ չխնայելը, կարծում եմ մեկ բնութագրում ունի, որը սակայն այս գրառման չեմ զետեղի։
Իսկ Աղազարյանի կողմից իր՝ «զոհի» կարգավիճակը ամբողջացնելու համար ընտրովի կերպով ինչ-որ չատերի մասին կիսատ-պռատ մեկնաբանությունները ուղղակի զավեշտալի են։ Այդ չատերն անձամբ ինձ շատ քիչ են հետաքրքրում, թեև պիտի արձանագրեմ, որ Աղազարյանը չափազանց ընտրովի է մոտենում այդ չատերի հրապարակայնացման իր գործողություններին։
Ինչ վերաբերվում է Հակոբ Ասլանյանին՝ ապա այն ինչ վերաբերվում է Հովիկ Աղազարյանին, պարզվեց, որ վերաբերվում է նաև Հակոբ Ասլանյանին, քանի որ վերջինս խմբակցության ու խմբակցությունից ինֆորմացիայի արտահոսքի անցքի միջև ընտրեց երկրորդը»,- գրել է Ալեքսանյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին ու Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել մանդատները: ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը նոյեմբերի 19-ին հրաժարվեց մանդատից։ Աղազարյանը հայտարարեց, որ մանդատը վայր չի դնի։ ՔՊ–ն դեկտեմբերի 3-ին նրան հեռացրեց կուսակցությունից, իսկ դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստի ժամանակ Աղազարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ Քրեական գործի շրջանակում քննիչի մոտ գտնվող Աղազարյանի հեռախոսի բազմաթիվ նյութեր, նամակներ հայտնվել էին վարչապետի մոտ` չնայած իրավապահները հավաստիացրել էին՝ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։ ՔՊ-ում Աղազարյանին գաղտնի ինֆորմացիայի արտահոսքի համար են մեղադրում։ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը դատախազությունն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե։ Պատգամավորի փաստաբանն էլ իր խնդրանքով դիմել է դատախազություն, որպեսզի իրավական գործընթաց սկսեն՝ հասկանալու, թե ինչպես է հակակոռուպցիոն կոմիտեից իր անձնական տվյալները հայտնվել այլ անձանց մոտ։