Ստիպել են փորել գերեզմանը, որտեղ պետք է ողջ-ողջ թաղվեր․ Սահակյանը՝ հայ գերիների մասին

2020 թվականի պատերազմից ի վեր հարյուրավոր հայեր են գերեվարվել, նախնական տվյալներով՝ դրանց թիվը գերազանցում է 300-ը։ Բազմաթիվ ջանքերով հայրենադարձվել են շուրջ 210 գերիներ, նրանց մեջ առկա էին անձինք, ովքեր սահմանային միջադեպերի կամ մոլորվելու հետևանքով էին հայտնվել Ադրբեջանում։ Այս մասին այսօր հայտարարել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների և պահվող անձանց ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։


Նա նշել է, որ խոշտանգումների դեմ պայքար մղող որևէ միջազգային մեխանիզմ երբևէ ի վիճակի չի եղել տեսակցել այնտեղ գտնվող գերիներին, արտաքին աշխարհի հետ կապը ապահովվում է ԿԽՄԿ-ի միջոցով։


«Մենք բազում հանդիպումներ ենք ունեցել հայրենադարձված գերիների հետ, հիմնական թեման՝ պահման պայմանները և վերաբերմունքն են եղել, հատուկ ուշադրություն ենք դարձրել խոցելի խմբերին։ Անգամ խոցելիության մի քանի հատկանիշ ունեցող գերիները հատուկ պաշտպանություն չեն ստացել։ Գրեթե նույնական ինտենսիվությամբ նրանք ենթարկվել են վատ վերաբերմունքի՝ լինելով իգական սեռի ներկայացուցիչ և պատկանելով տարիքային բարձր շեմի, չլինելով պատերազմի անմիջական մասնակից։ Բռնությունները մասսակայան են եղել, կիրառվել է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական բռնություններ։ Ունենք արձանագրված դեպքեր, երբ անձը պարբերական ծեծի և բռնության հետևանքով փակ հաստատությունում մահացել է, դա բռնության հետևանք է եղել։ Հոգեբանական բռնությունը կիրառվել է ողջ գերեվարման ընթացքում։ Օրինակ՝ արհեստականորեն ցուցադրել են սպանության տեսարան՝ անձին դնելով այնպիսի հանգամանքներում, երբ նա իրապես հասկացել է իր սպանվելու հեռանկարը, ստիպել են փորի գերեզմանը, որտեղ պետք է ողջ-ողջ թաղվեր»,- նշել է Սահակյանը։

Քաղաքականություն