ՔԿ-ն վնասի վերականգնման պլան չունի
Հայաստանի քննչական կոմիտեն պետությանը պատճառված վնասի վերականգման պլան չունի։ ՀՀ ԱԺ պետական–իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանին։
«Տնտեսվարողների նկատմամբ հարուցված գործերը հիմնականում վերաբերում են 10 միլիոն դրամից ավելի խախտում արձանագրելու հետ։ Տնտեսվարողները նշում են, որ հաճախ գումարի չափը միտումնավոր է ուռճացվում, որպեսզի իրենց գործերը ՊԵԿ-ը փոխանցի քննչական կոմիտե ու գործ հարուցվի, որից հետո առգրավում են նաև նրանց գույքը»,- նշեց Վարդանյանը։
Ի պատասխան ՔԿ նախագահը վստահեցրեց` երբ ՊԵԿ-ից ստանում են պատշաճ հաղորդում որևէ տնտեսվարողի կողմից հարկային պարտավորություններից չարամտորեն խուսափելու մասին, դրա հիմքում դրվում են որոշակի փաստական տվյալներ, այդ թվում` ՊԵԿ-ի կողմից ներկայացված նախնական հաշվարկ, որի հիման վրա էլ նախաձեռնվում են քրեական վարույթներ։
«Դրանից հետո միայն մենք սկսում ենք քննչական գործողություններ կատարել, որի մեջ մտնում է նաև գույքի առգրավումը։ Դրան հաջորդում են մեր ստուգումները, որի արդյունքում որոշում ենք անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը։ Բազմաթիվ են դեպքերը, երբ նախնական հաշվարկի հիման վրա մենք վարույթներ չենք նախաձեռնել։ Վնասների վերականգնման պլան` որպես այդպիսին, ՔԿ-ում գոյություն չունի, դրանք ուղղակի ընթացիկ գործեր են»,- հայտարարեց Պողոսյանը։
ՔԿ նախագահի խոսքով` իրենց գործողությունների մեջ արտառոց ոչինչ չկա. կոմիտեն իր քայլերը կազմակերպում է այնպես, որ առավելագույնս չխոչընդոտի տնտեսվարողի գործունեությունը։





























