Փաստացի մենք զիջելու ենք կոնկրետ հատվածում․ Քոչարյանը՝ Գրիգորյանին

Իմ և մեր հասարակության մեծ մասի մոտ մտավախություն կա, որ Ադրբեջանն իր ուզած հատվածներում անելու է սահմանազատում, ստանալու է իր ուզածը ինչպես եղավ Տավուշում և ընդհանուր գործընթացը ավարտին չի հասնելու։ Այս մասին ԱԺ-ում «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցի քննարկման ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ հարցնելով, թե ինչն է խանգարում համաձայնեցնել մի սկզբունք, որով սահմանի ամբողջ երկայնքով՝ քարտեզի վրա պայմանավորվածություններ կլինեն, հետո միայն ամեն բան համաձայնեցնելուց հետո կլինեն կոնկրետ աշխատանքները։


«Սա չէ՞ր զսպի այն վտանգները, որ Ադրբեջանը կեսից կարող է հետ քաշվել գործընթացից և Հայաստանը մնա անհասկանալի վիճակում»,-հարցրեց Քոչարյանը։


Մհեր Գրիգորյանն ի պատասխան ասաց, որ կանոնակարգում հստակ գրված է, որ վերջում պայմանագիր ստորագրելուց դրան կից պետք է լինի միասնական արձանագրություն, նկարագրություն, որը նկարագում է Հայաստանի և Ադրբեջանի ողջ սահմանը։


«Այսինքն, չեմ բացառում, որ կան հիմքեր, որ գործընթացը կխզվի կամ չի ավարտվի, բայց չկա ռիսկ, որ մի հատվածը կլինի իրավաբանորեն ձևակերպված սահման, իսկ հետո պայմանագիր չի ստորագրվի ու պայմանագրում դա չի կլանվի։ Պայմանագրին կից լինելու է մեծ արձանագրություն – նկարագրություն, որը բոլոր հատվածները նկարագրելու է։ Սա է մեխանիզմը։ Եթե մի հատվածում ավարտենք, գնանք մյուս հատվածին, հետո կողմերից մեկը կարող է փոշմանել ու վերադառնալ նախորդ հատվածին ու դա կլինի քաոտիկ պրոցես։ Հատվածական ասելով , դա ավելի շատ պրոցեդուրալ, աշխատանքային պրոցեսին է վերաբերում, քան սահմանի ձևակերպմանը»,- ասաց փոխվարչապետը։


Լևոն Քոչարյանն էլ արձագանքեց. «Օդից չեմ խոսում, վտանգն այն է, որ պրոցեսների արդյունքում ադրբեջանցի զինվորը, ինչպես Տավուշում էր, գալու է ու կանգնի՝ մինչև վերջնական համաձայնեցում։ Վերջում ինչ կստորագրվի, ինչ որ էական չէ, վտագն այն է, որ փաստացի մենք զիջելու ենք կոնկրետ հատվածում։ Վերջնական թուղթ ստորագրելը վտանգը չի զսպում, որովհետև ադրբեջանցիները գալու են և կանգնելու են այդ դիրքերում և այնտեղերում, որտեղ մենք ունենք ակնկալիք, որ իրենք դուրս են գալու, իրենք ամենայն հավանականությամբ՝ դուրս չեն գալու»։