
Լրագրողը հայտնում է՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան բռնnւթյnւն է կիրառել իր նկատմամբ

Հավանաբար կհիշեք՝ վերջերս Երևանի քաղաքապետարանի տեսուչները ավտոբուսում տուգանել էին մի կնոջ, որը, պարզվեց, վճարել էր իր ուղեվարձը։ Դրա մասին ռեպորտաժը տեսնելուց հետո ես գրառում էի արել՝ հայտնելով կարծիքս կատարվածի մասին ու նշելով, մասնավորապես, որ «նեղմիտ ու ոչ կոմպետենտ կառավարիչներ ունենալը սա է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Նույն օրը երեկոյան ուշ ժամի ինձ գրում է ոմն Ավետիք Բաբայան եւ կեղտոտ ու անհարգալից բառապաշարով սկսում է «հաշիվ պահանջել» գրածիս համար։ Փորձում եմ էս քաջի մասին համացանցում տեղեկություն գտնեմ, ու պարզվում է, որ սա ոչ ավել, ոչ պակաս, Երեւանի քաղաքապետարանի Հասարակական կարգի ծառայության պետի ժ/պ-ն է։ Նույն երեկոյան զանգում եմ քաղաքապետարանի երկու բարձրաստիճան պաշտոնյաների, որոնցից մեկի ուղղակի պարտականությունն է անձնակազմին առնչվող հարցերի համակարգումը։ Պատմում եմ կատարվածի մասին ու հույս եմ հայտնում, որ համապատասխան ընթացք կտան նրա վարքագծի վերաբերյալ։
Երկու օր անց, քաղաքապետարանից որևէ արձագանք չստանալով, ինքս եմ փնտրում, բաց աղբյուրներից գտնում եմ Բաբայանի աշխատանքային կոնտակտները, գործավարին փոխանցում եմ հեռախոսս ու խնդրում եմ հետ զանգել։ Ժամեր անց Բաբայանը զանգում է, կրկին սկսում է սպառնալիքներ տեղալ։ Կրկին, նրան հասանելի արտահայտչաձեւերով փորձում եմ հասկացնել, որ նա պաշտոնյա է ու ավելի լավ կլինի զբաղվի իր պարտականություններով։ Այսքանով համարում եմ միջադեպը սպառված։
Երկու շաբաթ անց, իմ աշխատավայրից դուրս եմ գալիս մութ ժամին, բակի անկյունում դիմացս դուրս է գալիս դիմակավորված մեկն ու առանց բառ ասելու սկսում է հարվածներ հասցնել։ Փորձում եմ պաշտպանվել, բայց անսպասելիության էֆեկտի պատճառով չեմ կարողանում ոնց որ պետքն է պաշտպանվել ու որոշ վնասվածքներ եմ ստանում։
Առանց հետագա մանրամասներով ծանրաբեռնելու, տեղեկացնեմ, որ համոզված եմ, որ իմ դեմ հարձակումը եւ վերեւում նկարագրած դեպքերը ուղիղ կապ ունեն։ Բնականաբար, նույն երեկոյան դիմել եմ իրավապահներին ու հուսով եմ՝ կուսումնասիրեն եղած ապացույցները, ինձ հասցեագրված սպառնալիքները, (որոնք փաստագրված են), հարձակման օրը տարածքում եղած տեսախցիկների ձայնագրությունները:
Այս ամենն, անշուշտ, տեղի է ունեցել իշխանությունների առնվազն լռելյայն թողտվությամբ, որովհետեւ․
1. Ողջամտությունը հուշում է, որ Ավետիք Բաբայանի նման մարդուն հանրային ծառայությունից, առավելեւս, հասարակական կարգի պահպանությունից պետք է կիլոմետրով հեռու պահել։ Մինչդեռ, Տիգրան Ավինյանը ոչ միայն նրան կարեւորագույն պաշտոն է վստահել, այլեւ որեւէ քայլ չի ձեռնարկել՝ իմ փոխանցած տեղեկությունների հիման վրա չեզոքացնելու իր նշանակած թյուրիմացությանը։ Երկուսից մեկն է՝ կա՛մ Ավինյանը համերաշխ է նրա հետ ու պաշտպանում է իր երբեմնի թաղեցուն, կա՛մ տեղյակ չէ այս դեպքի մասին։ Ցանկացած պարագայում սա մի բան է վկայում՝ քաղաքապետարանում շունը տիրոջը չի ճանաչում։
2. Հանրային քննադատության համար չի՛ կարելի կատաղած շան նման հարձակվել մարդկանց վրա։ Գործընկերներիս ու ընկերներիս հետ բոլոր հնարավոր միջոցներով մաքսիմալ հանրային հնչեղություն ենք տալու այս գործին։ Սա կենցաղային դեպք չէ, սա իմ հանրային գործունեության պատճառով իրականացվող հետապնդում է ու ահաբեկման ակտ»,-գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։