
Ռուբիոն հաստատել է՝ Իսրայելին ԱՄՆ կառավարության աջակցությունը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է Իսրայելին ԱՄՆ կառավարության աջակցությունը՝ ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմում իր նպատակներին հասնելու համար։
«Գազայի հատվածի ժողովուրդն արժանի է ավելի լավ ապագայի, բայց այդ ավելի լավ ապագան չի կարող սկսվել մինչև ՀԱՄԱՍ-ը չվերացվի,- ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Ռուբիոն Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ -Դուք կարող եք ապավինել մեր անսասան աջակցությանը»,- ընդգծել է նա՝ դիմելով Իսրայելի կառավարության ղեկավարին, գրում է DW-ն։
«ՀԱՄԱՍ խմբավորումը «պետք է դադարի գոյություն ունենալ որպես զինված կազմավորում, որը կարող է սպառնալ տարածաշրջանի խաղաղությանը և անվտանգությանը», - հավելել է Մարկո Ռուբիոն՝ վստահեցնելով, որ Վաշինգտոնը միաժամանակ կշարունակի առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա, մինչև այդ երկիրը «փոխի իր ուղղությունը», հաղորդում է Reuters գործակալությունը։