Հասարակություն

Մետրոյի գետնանցումում սփյուռքահայերի կրպակները փակվեցին

Edita
Մետրոյի գետնանցումում սփյուռքահայերի կրպակները փակվեցին

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կապարակնքեց Երևանի Հանրապետության հրապարակի մետրոյի գետնանցումում գտնվող սիրիահայերի 10 կրպակները։


Կապարակնքվում են կրպակների դռները, քաղաքացիները չգիտեն՝ ինչպես արագ տեղափոխել իրենց ապրանքը:


«Գաղթական եկել ենք, վարձով ենք ապրում, ո՞ւր գնանք: Հպարտ էինք, որ եկել էինք հայրենիք, խայտառակվեցինք: Մնացինք անգործ, վատ վիճակ է, ոչինչ չեմ կարող խոսել, կարող է՝ խնդիր ունենամ»,- ասել են նրանք:


Մետրոպոլիտենի խոսնակ Աննա Ասլանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին դատարանում վարույթ կա, Մետրոպոլիտենը սպասում է՝ երբ դատական վճիռը կլինի, ըստ դատական վճռի կհասկանան՝ ով է մեղավոր, ով՝ ճիշտ:


Կրպակների աշխատակիցները պնդում են՝ մինչև փետրվար-մարտ ամիսը պայմանագիր ունեն կնքած մետրոպոլիտենի հետ, որ կարող են դեռ աշխատել:


Այս մասին Ասլանյանն ասաց, որ տարիներ առաջ մետրոպոլիտենը դիմել է քաղաքապետարան և քաղաքապետի որոշմամբ, անհատույց, որոշակի ժամկետով տրվել է Մետրոպոլիտենին այդ տարածքը:


«Տարածքը զբաղեցրել է «Դիադին» ընկերությունը: Անհատույց վարձակալման ժամկետը երբ լրացել է, Մետրոլոպոլիտենը դիմել է ընկերությանը, որ տարածքն ազատի: Մետրոպոլիտենը դիմել է քաղաքապետին, քաղաքապետի որոշմամբ նորից երկարացվել է այդ ժամանակը, բայց Մետրոպոլիտենն առաջարկել է, որ ընկերությունը տարածքից դուրս գա»,- պարզաբանել է Մետրոպոլիտենի խոսնակը:


Նրա խոսքով՝ ընկերությունը տարածքից դուրս չի եկել, այնուհետև Մետրոպոլիտենին են դիմել տեղում գործունեություն ծավալող քաղաքացիները, որոնք անհատ ձեռներեցներ են:


«10 անհատ ձեռներեց ներկայացել են Մետրոպոլիտենի ղեկավարության հետ հանդիպման, ընթացքում իրենց գույքն անհատույց հանձնել են Մետրոպոլիտենին, այնուհետև անհատույց կնքվել է պայմանագիր Մետրոխպոլիտենի հետ և 10 հոգու միջև, դրանից հետո արդեն խնդիր է առաջացել «Դիադինի» և ձեռներեցների միջև»,- ասաց նա:


Նա նշեց, որ հիմա «Դիադինը» դիմել է դատարան, որ հասկանան՝ ինչ է կատարվում, դատարանը վարույթ է ընդունել գործը, Մետրոպոլիտենը սպասում է դատարանի վճռին:


Հարցին՝ արդյո՞ք, այլ տարածք հատկացվելու է նրանց, խոսնակն ասաց, որ այս պահին չի կարող ասել:


Սփյուռքահայ ձեռներեցների խնդրի մասին տեղեկանալուց հետո այնտեղ է ժամանել Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից Հովհաննես Ալեքսանյանը, ով նշեց՝ պարզապես ահազանգ են ստացել և եկել է հասկանալու՝ ինչ է կատարվում:


Գլխավոր լուսանկարը՝ Sputnik Արմենիայի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250