ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրբ պատարագը դեռ չավարտված՝ վարչապետն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ լքեցին Մայր տաճարը

Սուրբ պատարագը դեռ չավարտված՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ լքեցին Էջմիածնի Մայր տաճարը։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես են պաշտոնյաները լքում Մայր տաճարն այն պահին, երբ կաթողիկոսը պատրաստվում էր իջնել բեմից ու հնարավորություն տար ներկաներին համբուրել Սուրբ խաչը ու ստանալ հայրապետական օրհնություն։ 


Չնայած եկեղեցու հետ խորը տարաձայնություններին՝ իշխանության ներկայացուցիչները՝ ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի և ԱԺ խոսնակի հետ միասին մասնակցում էին Մայր տաճարի վերաօծման արարողությանը, որն առաջին անգամն է 4-րդ դարից ի վեր։ Նիկոլ Փաշինյանը Մայր տաճար էր գնացել  տիկնոջ` Աննա Հակոբյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։



Պատմական անբեկանելի ճշմարտություն է` մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանն ու հայ կյանքը պարպել ազգային և հոգևոր բովանդակությունից։ Էջմիածնի Մայր տաճարի վերաօծման արարողության ժամանակ հայտարարեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։



«Սուրբ Էջմիածնի առաքելությունն արժեզրկելու որևէ քայլ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմքերը անկախ ու ինքիշխան կյանքի, որի ջատագովն է հայոց եկեղեցին։ Սուրբ Էջմիածնի հանդեպ աշխարհասփյուռ հայության որդիական ջերմ սիրով ու նախանձախնդրությամբ է ամուր մեր հայրենիքը, զորեղ և անկոտրում մեր ժողովրդի միաբանությունը։ Արարատահայաց Սուրբ Էջմիածինը պաբերաբար վերանորոգվել ու վերակառուցվել է, որպեսզի այն դարեդար առաջնորդի հայ ժողովրդին փրկության ճանապարհով, հարատև մնա անխախտ վեմը մեր մշտավառ հավատքի և հոյակերտ վկան քրիստոնյա Հայաստանի»,– ընդգծեց նա։



Մայր տաճարի վերաօծման արարողության ժամանակ այսօր իր ելույթից հետո Ամենայն հայոց կաթողիկոսը շքանշաններ հանձնեց Մայր տաճարի վերակառուցման բարերարներին և նրանց կանանց։

Մայր տաճարի մուտքի մոտ վաղ առավոտից մարդկանց կուտակումներ էին։ Անվտանգության ծառայությունը քաղաքացիներին թույլ չէր տալիս տաճար մտնել: Մուտքն Էջմիածնի Մայր տաճար միայն հրավիրատոմսերով էր։ 500 հրավիրյալներ կային:  



Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Մյուռոնօրհնեքն էր։

Սեպտեմբերի 27-ին էլ տեղի է ունեցել Մայր տաճարի Նավակատիքը` դռնբացեքը, նաև օծվել են եկեղեցու սյուները։

Նշենք, որ Մայր տաճարի հիմնանորոգման աշխատանքներն ընդհանուր առմամբ ընթացել են 12 տարի։ 1–ին փուլով կատարվել են հետազոտման, նախագծման աշխատանքները, 2–րդ փուլում արդեն բուն շինարարական աշխատանքներն են եղել։ Մայր տաճարը փակ էր այցելուների համար 2018 թվականի վերջից։ Նման ծավալի վերանորոգման աշխատանքներ երբևէ չեն եղել, միայն 1620–ական թթ. Մովսես Տաթևացի կաթողիկոսի ժամանակ է եղել մեծածավալ վերանորոգում։

Էջմիածնի Մայր տաճարն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում, այդ պատճառով, ըստ նրա, վերանորոգման համար յուրաքանչյուր քար, շինանյութ ընտրվել ու համաձայնեցվել է ըստ ՅՈւՆԵՍԿՕ–ի և ՀՀ օրենսդրության պահանջների ու ստանդարտների։