ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրակոցներ՝ Wildberries-ի գրասենյակի մոտ, կան վիրավորներ․ ՌԴ

Հրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայի կենտրոնում գտնվող Wildberries գրասենյակի մուտքի մոտ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայություններից:


Mash տելեգրամյան ալիքի տվյալներով՝ երեք մարդ հրազենային վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ ոստիկանության մեկ աշխատակից։ Վիրավորներից մեկի վիճակը ծանր է։


Wildberries-ի գրասենյակի մոտ հրաձգությունից հետո 10 մարդ է ձերբակալվել։ 


Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը Telegram-ում գրել է, որ իր և իր թիմի վրա փորձել են հարձակում գործել, երբ նա եկել է պահեստների շինարարությունը դադարեցնելու շուրջ բանակցությունների։


«Իբր բանակցությունների մասին հայտարարությունը, որին եկել է զինված խումբը, անհեթեթ է հնչում, քանի որ ոչ ոք որևէ բանակցությունների մասին չի պայմանավորվել»,-իր հերթին գրել է Տատյանա Բակալչուկը։


Վլադիսլավ Բակալչուկի խոսքով՝ երկու շաբաթ առաջ Ռոբերտ Միրզոյանի ցուցումով դադարեցվել էր Wildberries-ի նոր պահեստների կառուցման ֆինանսավորումը, և այսօր պետք է տեղի ունենար բանակցությունների հերթական փուլը։


«Ես եկել էի իմ գործընկերների հետ բանակցելու, սակայն ինչ-որ պահի կրակոցներ հնչեցին, վիրավորվել է իմ գործընկերներից մեկը»,-գրել է Վլադիսլավ Բակալչուկը։


Ավելի վաղ Wildberries եւ Russ միավորված ընկերության մամուլի ծառայությունից լրատվամիջոցին հայտնել էին, որ ընկերության գրասենյակ է փորձել ներխուժել առցանց-ռեթեյլերի համասեփականատեր Վլադիսլավ Բակալչուկը՝ անվտանգության աշխատակիցներով:


Տեղում աշխատում է ոստիկանությունը, տարածքը սահմանազատված է։


Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին, որոնք գտնվում են բիզնես կենտրոնի հարևանությամբ, անվտանգության նկատառումներից ելնելով, դուրս չեն թողնում շենքից: Ֆակուլտետի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ դասերն ընթանում են բնականոն հունով:


Հիշեցնենք, որ հունիսի կեսերին Wildberries ընկերությունը հայտնել էր, որ մարկետփլեյսը և արտաքին գովազդի օպերատոր Russ-ը միավորվում են՝ նպատակ ունենալով համատեղ ստեղծել նորագույն թվային առևտրային հարթակ։ Վլադիսլավ Բակալչուկը դեմ էր արտահայտվել այդ գործարքին։ Նա Wildberries ՍՊԸ-ի 1% -ի սեփականատերն է, մնացած 99% -ը գտնվում է ընկերության հիմնադիր և նրա կնոջ՝ Տատյանա Բակալչուկի մոտ:


Wildberries-ի և Russ-ի մամուլի ծառայություններն այս հաղորդագրությունների ֆոնին հայտարարեցին, որ միավորված ընկերությունը շարունակում է աշխատել կայուն ռեժիմով, բոլոր պարտավորությունները կատարվում են ամբողջ ծավալով: Տատյանա Բակալչուկը հուլիսի 30-ին Վլադիսլավ Բակալչուկից ամուսնալուծության հայց էր ներկայացրել դատարան:

Քաղաքականություն