ԼՈՒՍԱՆԿԱՐ. Թմրամիջոցի նմանվող զանգված և դեղահաբեր ՔԿՀ-ի բուժքրոջ մոտ
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման բուժքույր Ն․Մ․-ն թմրամիջոց է փոխանցելու կալանավորված անձին։
Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 09։35-ի սահմաններում, նույն բաժնի ծառայողները «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին, խուզարկության ենթարկելով Ն․Մ․-ի անձնական իրերը, վերջինիս հեռախոսի պատյանից հայտնաբերել են գործարանային արտադրության խոհանոցային դանակ և էլեկտրոնային ծխախոտ։
Անվտանգային ռենտգեն սարքի միջոցով ծառայողներն էլեկտրոնային ծխախոտի միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, 23,36 գրամ քաշով, դեղնականաչավուն, բուսական զանգված, ինչպես նաև՝ 25 հատ «AN 627» գրառմամբ դեղահաբ։
Ն․Մ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածների հետ միասին ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։