ՊԵԿ-ը բացահայտել է օդային ճանապարհով ադամանդների ներկրման մաքսանենգության դեպք
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է օդային ճանապարհով ադամանդների ներկրման մաքսանենգության դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Զվարթնոց» օդանավակայանում մաքսային ծառայողները հսկողության են ենթարկվել Շարժա-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացուն և նրա ուղեբեռը:
Մաքսային զննման (տեսազննման) արդյունքում ՀՀ քաղաքացու ուղեբեռից հայտնաբերվել են ոսկենման մետաղից պատրաստված 4 հատ 31 գրամ քաշով դեղին թևնոց՝ թանկարժեք քարերի տեղադրման հենակների առկայությամբ, ադամանդ քարերի համար նախատեսված 239 հավաստագիր:
«Անձի մաքսային զննման արդյունքում էլ քաղաքացու մոտ հայտնաբերվել է տարբեր տրամաչափերի ադամանդանման թափանցիկ քարերով լցված 37 պոլիէթիլենային տոպրակ՝ ընդհանուր 246 գրամ քաշով»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության համաձայն՝ ադամանդանման թափանցիկ քարերը մշակված բնական ադամանդներ լինելու պարագայում, դրանց արժեքը հնարավոր է գերազանցի 8,000,000 դրամը։
Այսինքն` թափանցիկ քարերի մաքսային արժեքը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով (մշակութային արժեքների և ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգությունը) սահմանված 8 միլիոն ՀՀ դրամը:
Նշված դեպքի առթիվ կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն և փոխանցել է ՀՀ քննչական կոմիտե։