Ռազմական

Բելգորոդը հրթիռակոծվել է․ կա զոհ, հազարավոր մարդիկ մնացել են առանց լույսի և ջրի

Բելգորոդը հրթիռակոծվել է․ կա զոհ, հազարավոր մարդիկ մնացել են առանց լույսի և ջրի

Ուկրաինայի զինված ուժերը հուլիսի 3-ի գիշերը հրթիռային հարված են հասցրել Ռուսաստանի Բելգորոդ քաղաքին, հայտնում է տարածաշրջանի օպերատիվ շտաբը։


Պաշտոնական տվյալներով՝ արկի ընկնելու հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակչուհի, լուրջ վնասներ են հասցվել էներգետիկ ենթակառուցվածքին։ Հարվածից հետո մի շարք մունիցիպալիտետներ մնացել են առանց էլեկտրականության և ջրամատակարարման, վնասվել է նաև հինգ ավտոմեքենա։ Բելգորոդի քաղաքապետ Վալենտին Դեմիդովի խոսքով՝ զոհված կինը հարվածի պահին գտնվել է իր մեքենայում։


Տեղական «Պեպել» պարբերականը հայտնում է, որ թիրախում են հայտնվել «Հարավային» էլեկտրական ենթակայանը և «Էներգո» ՋԷԿ-ի տարածքում գտնվող մեկ այլ ենթակայան։ Երկու օբյեկտներում հրդեհ է բռնկվել, իսկ քաղաքի վրա բարձրացել է սև ծխի խիտ սյուն։


Բելգորոդի էներգետիկ ենթակառուցվածքը նախկինում ևս բազմիցս թիրախավորվել էր։ Ուկրաինական կողմը նման հարվածները ներկայացրել է որպես պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների դեմ իրականացվող գրոհներին։ Այդ հարձակումների հետևանքով ավելի քան 320 հազար բնակչություն ունեցող քաղաքը պարբերաբար մնացել է առանց էլեկտրականության, ջեռուցման և ջրի։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը փորձում է Ուկրաինայում բլեքաուտներ ստեղծել, ապա Կիևը նույն կերպ կպատասխանի։


Մինչ այդ՝ հուլիսի 2-ին, ռուսական զորքերը զանգվածային հրթիռային և անօդաչու հարվածներ էին հասցրել Կիևին։ Ուղիղ հարվածներ էին գրանցվել մայրաքաղաքի մի քանի շրջանների բազմահարկ բնակելի շենքերին, վնասվել էին շուրջ 20 բնակելի տուն, հյուրանոցներ, շտապօգնության կայաններ և կենդանաբանական այգին։


Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ զոհվել է 30 մարդ, շուրջ 100-ը վիրավորվել են։ Ուկրաինայի Օդուժի հաղորդմամբ՝ ռուսական բանակը կիրառել է 570 տարբեր տեսակի հարձակման միջոց, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներ, որոնցից 524-ը հաջողվել է խոցել հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն այս հարձակումը բնութագրել է որպես պատերազմի սկզբից ի վեր մայրաքաղաքի դեմ իրականացված ամենազանգվածային գրոհը, իսկ հուլիսի 3-ը Կիևում հայտարարվել է սգո օր։


Իր հերթին, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը բարձր ճշգրտության զենքով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային՝ այն ներկայացնելով որպես պատասխան Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ իրականացված հարձակումներին։ Գերատեսչության պնդմամբ՝ թիրախավորվել են ռազմարդյունաբերական ձեռնարկություններ, վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներ, ինչպես նաև ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներ Կիևի, Կիևի մարզի, Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Չերկասիի և Չեռնիգովի մարզերում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250