Հայաստանում երկրորդ անգամ անցկացվել է «Ռենջեր 2024» մրցանակաբաշխությունը․ ՇՄՆ
Ամբողջ աշխարհում նշվող Ռենջերների օրվա (World Ranger Day)համատեքստում, արդեն երկրորդ տարին Հայաստանում անցկացվում է «Ռենջեր 2024» մրցանակաբաշխությունը։ Այդ մասին տեղեկացնում են ՇՄ նախարարությունից։
Օրը նշվում է սկսած 2007 թվականից, այն հռչակվել է Միջազգային ռեյնջերների ֆեդերացիայի (IRF) կողմից՝ նշելու անտառապահների ներդրումը բնության պահպանման գործում։
Օրվա խորհրդի համատեքստում Շրջակա միջավայրի նախարարությունը գործընկեր Կովկասի բնության հիմնադրամի հետ հայտարարել էին «Ռենջեր 2024» մրցանակաբաշխության մասին, որի արդյունքներն ամփոփվեցին Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Տավուշի մարզում գտնվող «Զիկատար» պետական արգելավայրում կազմակերպված հետաքրքիր մրցութային միջոցառումով։
«Ռեյնջեր 2024» մրցանակաբաշխությանը մասնակցության հայտ էին ներկայացրել 61 աշխատակից Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող բնության հատուկ տարածքների պահպանությունն համակարգող ՊՈԱԿ-ներից և Էկոպարեկային ծառայությունից։
Թեստավորման առաջին փուլն հաղթահարել էին 15 մասնակից՝ անցնելով եզրափակիչ փուլ։
Օգոստոսի 30-ին Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Զիկատար» պետական արգելավայրում տարածքում մրցութային հանդիսավոր միջոցառմամբ անցկացվեց մրցույթի եզրափակիչ փուլը, որի ընթացքում էլ որոշվեցին մրցանակաբաշխության հաղթողները։
Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, Էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանը, Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Էլիզաբեթ Մեսուդը, Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը, հյուրեր և ԶԼՄ ներկայացուցիչներ։
Ողջույնի իր խոսքում նախարարի տեղակալը ևս մեկ անգամ կարևորել է այն նվիրումը և ջանքը, որը ՊՈԱԿ-ների և Էկոպարեկային ծառայության աշխատակիցները ներդնում են իրենց ամենօրյա աշխատանքի մեջ։ Նախարարի տեղակալի խոսքով այս մրցույթը միտված է բարձրացնելու և կարևորելու բնության հատուկ պահպանվող տարածքների և անտառների պահպանությամբ զբաղվող մասնագետների դերը և նշել, որ այդ դերի բարձրացմանն է միտված նաև նախարարության կողմից ձևավորված Էկոպարեկային ծաայությունը։
Եզրափակիչ փուլ անցած մասնակիցները ֆիզիկական պատրաստվածության, տեղանքում կողմնորոշվելու և ժամանակակից տեխնիկական սարքերից օգտվելու հմտության, առաջին բուժօգնության, յուրաքանչյուրն իր ներկայացրած տարածքի բնապահպանական նշանակության և տարածքի իմացության իրենց կարողություններն են ցուցադրել։
Հանձնաժողովը գնահատել է յուրաքանչյուրին, ապա ընտրվել են հաղթողներ, ում տրվել են պատվոգրեր և դրամական պարգևներ`
1-ին տեղ՝ Հովհաննիսյան Նարեկ, «Դիլիջան» ազգային պարկ,
2-րդ տեղ՝ Քոչարյան Արթուր, Էկոպարեկային ծառայություն,
2-րդ տեղ՝ Պետրոսյան Մարիա, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ,
3-րդ տեղ՝ Խաչատրյան Վահե, Էկոպարեկային ծառայություն,
3-րդ տեղ՝ Փիրինյան Սասուն, Էկոպարեկային ծառայություն,
3-րդ տեղ՝ Հակոբյան Խաչիկ, Էկոպարեկային ծառայություն
Ցուցաբերած լավագույն արդյունքներով մյուս մասնակիցներին որպես մրցանակ տրվել են նվեր-քարտեր։