Էմփայր Սթեյթ Բիլդինգի գագաթին ապօրինի բարձրացած զույգը ազատ է արձակվել
Նյու Յորքում Էմփայր Սթեյթ Բիլդինգի գագաթին վտանգավոր մուտք գործած և այնտեղ նշանադրության տեսարան կազմակերպած զույգը բախվել է քրեական մեղադրանքների, սակայն դատական քննությունից հետո ժամանակավորապես ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։
Խոսքը 33-ամյա Անժելա Նիկոլաուի և 32-ամյա Իվան Կուզնեցովի մասին է, որոնք դատարանից դուրս են եկել ձեռք ձեռքի տված՝ նիստից հետո։
Նրանք մեղադրվում են մի շարք ծանր հոդվածներով՝ ներառյալ ապօրինի մուտք, գույքային վնասի պատճառում և վտանգավոր վարքագիծ, որոնք, ըստ մեղադրանքի, կարող են հանգեցնել մինչև 7 տարվա ազատազրկման։
Դատարանի տվյալներով՝ զույգը նախօրոք տոմսեր է ձեռք բերել շենք մուտք գործելու համար, ապա գիշերը թաքնվել է շենքի ներսում և հաջորդ առավոտ դուրս եկել 102-րդ հարկի հատվածից՝ բարձրանալով դեպի Էմփայր Սթեյթ Բիլդինգի ատեննա։
Նրանց գործողությունները ստիպել են ժամանակավորապես դադարեցնել հեռարձակման սարքավորումների աշխատանքը, քանի որ բարձր հաճախականության ազդակները կարող էին վտանգավոր լինել փրկարարների համար։ Նշվում է, որ միջադեպի հետևանքով շենքին պատճառվել է շուրջ 2000 դոլարի վնաս։
Նյու Յորքի ոստիկանության տվյալներով՝ զույգը բարձրացել է մինչև 1454 ոտնաչափ բարձրություն ունեցող աշտարակը և այնտեղ տեղադրել պաստառ՝ «Երբ սիրո ուժը հաղթում է իշխանության սիրուն, աշխարհը գիտի խաղաղություն»:
Դեպքի ավարտին Իվան Կուզնեցովը ծնկի է իջել և ամուսնության առաջարկություն արել իր զուգընկերուհուն: Սակայն դատարանից դուրս գալուց ականատեսներն ասում են, որ աղջկա մատին մատանի չեն տեսել:
Չնայած մեղադրանքների լրջությանը՝ դատավորի որոշմամբ նրանք չեն կալանավորվել, սակայն գտնվում են վերահսկվող ազատության տակ։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 24-ին։
Պաշտպանական կողմը պնդել է, որ մեղադրանքները չափազանցված են, և ընդգծել, որ շենքում գտնվող մարդկանց կամ այցելուների համար անմիջական վտանգ չի եղել։
Զույգը հայտնի է նաև իրենց նախկին ռիսկային արարքներով՝ բարձրանալով աշխարհի տարբեր հայտնի բարձր շենքեր և կամուրջներ, իսկ նրանց պատմությունը ներկայացվել է նաև Netflix-ի վավերագրական ֆիլմում։