Ռազմական

Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակել

Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակել

Ուկրաինայի մայրաքաղաքի դեմ հուլիսի 2-ին իրականացված ռուսական հարձակումների զոհերի թիվը հասել է 30-ի։ Եվս 3 մարդ դեռ անհետ կորած է։ Որոնումները շարունակվում են։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Կիևի իշխանություններին։


Կիևում հուլիսի 3-ը սգո օր է հայտարարվել: Մայրաքաղաքին զանգվածային հարվածներից հետո նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը պարտվում է պատերազմը, հետևաբար, կսկսի ավելի շատ հարվածներ հասցնել, հատկապես՝ բալիստիկ հրթիռներով: Նա նշել էր, որ Կիևն անպայման կպատասխանի այս հարվածներին:


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ուկրաինայի դեմ հարվածները որակել էր որպես պատասխան Կիևի կողմից Ռուսաստանի դեմ հարձակումների։ Նա հայտնել էր, որ ռուսական ուժերը թիրախավորել են ռազմարդյունաբերական և վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտները։


Փոխադարձ հարվածները շարունակվում են նաև հուլիսի 3-ին։ Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել է, որ գիշերը Ռուսաստանը երկրի ուղղությամբ արձակել է երկու ավիացիոն հրթիռ և 105 անօդաչու թռչող սարք։ Դրանց մեծ մասը հաջողվել է խոցել, սակայն արձանագրվել են նաև հարվածներ։ Ռուսական հարվածներից Սումիի մարզում զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ երեխա։ 3 մարդ վիրավորվել է։ Կրիվոյ Ռոգում 7 մարդ է տուժել։


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է գիշերն ուկրաինական 155 ԱԹՍ խոցելու մասին։ Բելգորոդի մարզում հրթիռային հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ։ Բրյանսկի մարզում ուկրաինական անօդաչուների հարվածներից զոհվել է 1 մարդ, 2-ը՝ վիրավորվել։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250