Վարորդական իրավունք ստանալու կարգում փոփոխություններ են լինելու․ ի՞նչ է փոխվելու
Կառավարությունը հավանություն է տվել վարորդական վկայական ստանալու համար քննությունների ընդունման և վարորդական վկայականների տրամադրման կարգում մի շարք փոփոխությունների։ Նախագիծը կառավարության հուլիսի 2-ի նիստում ներկայացրել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Ըստ ՆԳՆ-ի հայտարարության՝ փոփոխությունները մշակվել են քաղաքացիների առաջարկների հիման վրա և նպատակ ունեն ավելի արդյունավետ դարձնել վարորդական իրավունք ստանալու և վերականգնելու գործընթացը։
Առաջին կարևոր փոփոխությունը վերաբերում է առողջական տվյալների ստուգմանը։ Ներկայում որոշ դեպքերում վարելու իրավունք է տրամադրվել նաև այն անձանց, որոնք հաշվառված են եղել թմրաբանական կամ հոգեբուժական հաստատություններում, քանի որ համապատասխան տվյալների փոխանակումը լիարժեք չի իրականացվել։ Նոր կարգավորմամբ «Արմեդ» համակարգի հետ կապը կլինի ավտոմատ, և անհրաժեշտ տեղեկությունները կստուգվեն ինքնաշխատ եղանակով։ Եթե համակարգում հայտնաբերվեն վարելու իրավունքին խոչընդոտող տվյալներ, դրանք կարող են հիմք դառնալ վարելու իրավունքը դադարեցնելու համար՝ նույնիսկ եթե քաղաքացին այդ ընթացքում չի դիմել հաշվառման-քննական ստորաբաժանում։
Մյուս փոփոխությամբ երկարաձգվում է տեսական քննության դրական արդյունքի գործողության ժամկետը։ Եթե մինչ այժմ տեսական քննությունը հաջող հանձնելուց հետո գործնական քննությունը պետք էր հանձնել մեկ տարվա ընթացքում, ապա այսուհետ այդ ժամկետը կկազմի երկու տարի։ ՆԳՆ-ում նշում են, որ վերջին տարիներին ավելացել է քննություններին մասնակցողների թիվը, և շատ քաղաքացիներ նախընտրում են ավելի երկար պատրաստվել գործնական քննությանը, ուստի այս փոփոխությունը նրանց ավելի մեծ ճկունություն կտա։
Փոփոխություններ են նախատեսվում նաև տեսական քննության հարցաշարերում։ Այսուհետ յուրաքանչյուր կարգի վարորդական իրավունքի քննության հարցերը կհամապատասխանեն հենց տվյալ կարգին։ Օրինակ՝ թեթև մարդատար ավտոմեքենայի վարորդական իրավունքի քննության ընթացքում այլևս չեն ներառվի ավտոբուսների կամ այլ տրանսպորտային միջոցների վարմանը վերաբերող հարցեր։ «Հիմա մենք հարցաշարերը դարձնում ենք շատ ավելի իդենտիկ․ պետք է նախատեսվեն կոնկրետ կարգին և ենթակարգին բնորոշ հարցեր, ինչը կօգնի մեզ այս կառուցակարգերը դարձնել առավել արդյունավետ» -ընդգծել է նախարարը։
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից։
ՆԳՆ-ն հայտնել է նաև, որ սահմանվել են վարորդական իրավունքից վարչական կարգով զրկված անձանց վարելու իրավունքի վերականգնման նոր ընթացակարգեր։ Օրենսդրական այդ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հուլիսի 6-ից, և այդ օրվանից քաղաքացիները կկարողանան դիմել իրենց վարելու իրավունքը վերականգնելու համար՝ պահպանելով սահմանված պահանջները։ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերականգման վերաբերյալ այս կարգավորումները վերաբերում են միայն վարչական կարգով վարելու իրավունքից զրկված անձանց և չեն տարածվում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով իրավունքից զրկված քաղաքացիների վրա։ Նա նաև ընդգծել է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը շարունակում է մնալ պետության առաջնահերթություններից մեկը։