Գազայում իսրայելցի պատանդ է ազատ արձակվել․ վերջին 10 ամիսներին նա պահվել էր ստորգետնյա թունելներից մեկում

Իսրայելի զինված ուժերի և երկրի Անվտանգության ընդհանուր ծառայության համատեղ գործողության արդյունքում այսօր Գազայում ևս մեկ իսրայելցի պատանդ է ազատ արձակվել։


Ըստ իսրայելական աղբյուրների՝ նա երկրի հարավում գտնվող և բեդուիններով բնակեցված Ռահատ գյուղի բնակիչ Կաիդ Ֆարհան Ալքադին է։ «Համաս»-ի (ԱՄՆճի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորում) զինյալները նրան գերեվարել էին նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին՝ Գազային սահմանակից հրեական բնակավայրերից մեկում՝ աշխատանքի մեկնելու պահին։ Փրկված քաղաքացու վիճակը գնահատվում է կայուն: Ստուգումների համար նրան տեղափոխել են հիվանդանոց։ 


Իսրայելի բանակի տեղեկություններով՝ վերջին 10 ամիսներին պատանդը պահվել էր Գազայի հատվածի հարավում գտնվող ստորգետնյա թունելներից մեկում։  Այս պահին, ըստ տեղական աղբյուրների, Գազայում շուրջ յոթ տասնյակ իսրայելցի պատանդ կա։ 


Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկները ներխուժել են սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա, ավելի քան 200 պատանդ են վերցրել։ Իշխանությունների տվյալներով՝ զոհվել է մոտ 1,2 հազար մարդ։