Ինչից է կախված ջրհեղեղների ավելացումն ապագայում
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ԱՄՆ-ի Բրիստոլի համալսարանի գիտնականները մշակել են ջրհեղեղների կանխատեսման նոր գլոբալ մոդել մինչև այս հարյուրամյակի վերջ ընկած ժամանակահատվածի համար՝ կլիմայական տարբեր սցենարների համաձայն։ Իրենց աշխատանքում նրանք օգտագործել են ջրհեղեղների նոր գլոբալ քարտեզ՝ մոտավորապես 30 մ լուծաչափով, որն ամբողջությամբ ծածկում է գետային, պլյուվիալ և առափնյա վտանգները ցանկացած ժամանակաշրջանի կամ կլիմայական սցենարի համար: Հետազոտությունը ցույց է տվել, որ ապագա տարերային աղետների հաճախականությունը կախված է ածխաթթու գազի արտանետումների նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացումից: Այսպես օրինակ, եթե բոլոր պարտավորությունները կատարվեն, ապա մինչև 2100 թվականը հեղեղումների ռիսկի միջին մակարդակը կավելանա ընդամենը 9%-ով, և եթե դրանք չի իրականացվեն՝ 49%-ով։ Ջրհեղեղները կարող են լինել առավել հաճախակի և սաստիկ Հարավարևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի կղզիների առափնյա շրջաններում: Գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Water Resources Research ամսագրում։
Ավելի կարճաժամկետ կանխատեսմամբ՝ մինչև 2050 թվականը տարերային աղետների ռիսկը կավելանա 7%-ով ցածր արտանետումների սցենարի և 15%-ով՝ բարձր արտանետումների սցենարի դեպքում։
Հետազոտողները նշում են, որ այս միջին գլոբալ ցուցանիշը իրականում մեծ տարածական փոփոխականություն ունի: Որոշ տարածաշրջաններում ջրհեղեղի վտանգը նվազում է, իսկ մյուսներում այն մի քանի անգամ ավելանում է համաշխարհային միջինից, նույնիսկ արտանետումների կրճատման սցենարների դեպքում:
Գիտնականների խոսքով ափամերձ շրջաններում ջրհեղեղները ապագայում ամենամեծ խնդիրն են լինելու՝ անկախ ածխածնի արտանետումների համաշխարհային նորմերի պահպհանման դեպքում: Նույնիսկ ցածր արտանետումների սցենարի դեպքում սպասվում է, որ ափամերձ տարածքների ջրհեղեղների մակարդակը գրեթե կկրկնապատկվի մինչև 2100 թվականը: Հետազոտության հեղինակները դա բացատրում են գլոբալ տաքացմանն ի պատասխան ծովի մակարդակի բարձրացման իներցիոն գործընթացներով։
Նաև աշխատանքի ընթացքում գիտնականները պարզել են, որ կլիմայական փոփոխություններից հատկապես կախված են անձրևի հետևանքով առաջացած ջրհեղեղները և լավագույն սցենարով մինչև 2100 թվականը դրանց թիվը կաճի 6%-ով, իսկ վատագույնի դեպքում՝ 44%-ով։ Կանխատեսվում է, որ նման ջրհեղեղներն ավելի հաճախակի կլինեն Աֆրիկայի և Ասիայի արևադարձային շրջաններում, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի չորային գոտում։ Ամենամեծ ջրհեղեղները ըստ մակերեսների կարելի է սպասել Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների հյուսիսային մասերի ափերին, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայում և Խաղաղ օվկիանոսի կղզիներում։
Հետազոտությունը ցույց է տվել, որ ապագա ջրհեղեղների հաճախականությունը կախված է ջերմոցային գազերի արտանետումների կրճատումից: Հեղինակները հույս ունեն, որ տարերային աղետների նոր մոդելավորումը կօգնի երկրներին մշակել լրացուցիչ միջոցներ՝ ապագա ջրհեղեղներից կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու, քաղաքացիներին օգնելու և արտանետումների նվազեցման կանոնակարգերը պահպանելու համար: