«Տղայիս սպանել են, դիրքերում բարդակ է եղել»․ զինվորականները ծաղրել են սպանված զինվորի մորը. Forrights
«Իմ տղան ինքնասպան չի եղել, իմ տղան շատ ուրախ է եղել, հպարտ»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանի մայրը՝ Թամարա Գասպարյանը։ Նրա որդին մահացել է հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը՝ Վերին Շորժայի դիրքերում։ Քննչական կոմիտեն դեպքը որակել է ինքնասպանություն։ Թամարա Գասպարյանը վրդոված է, որդու դիակը դեռ չսառած նրան ինքնասպան են համարել։
«Իմ տղան իմ ընկերն է եղել, մենք մեր ու տղա չենք եղել, եթե նեղության մեջ լիներ, ինձ կասեր։ Դեռ դիակը մորգ չտարած հայտարարեցին՝ ինքնասպան է եղել։ Ինչո՞ւ։ Վարդենիսի Ռազմական ոստիկանությունում ասում եմ՝ իրենց պատասխանատուն ո՞ւր է, ասում է՝ դա դրեք մի կողմ։ Հարցնում եմ՝ իմ տղան վերջին անգամ ո՞ւմ է հետ է խոսել, որ ասում եք ինքնասպան է եղել, ասում է՝ այդ հարցն էլ դրեք մի կողմ։ Ես այդ պահին գժված, ցնորված էի»,- ասում է մայրն ու նշում՝ Վարդենիսի Ռազմական ոստիկանությունում անգամ իր վիշտը չեն հարգել՝ ծաղրել են, երբ փորձել է հասկանալ, թե ինչու է որդին մահացել։
«Հարցնում եմ՝ վերջին զանգը ե՞րբ է եղել, ինձ ձեռք են առնում, ասում են՝ դպրոցի վերջին զանգի մասին է խոսքը։ Իմ տղան մահացած Վարդենիսի ռազմականում ինձ ծաղրում են։ Դա ասելու բա՞ն է, ձեռք են առնում։ Իրենց համար զինվորը զրո է։ Իմ տղան միակը չէ։ Հունվարից սկսած 16 դեպք է եղել, իմ տղան 16-րդն է ու սաղ ինքնասպա՞ն եղան»,-ասում է նա։
Տիկին Թամարային փոխանցմամբ՝ իրեն անարգելու վերջնագիծը եղել է այն, երբ խնդրել է իրեն փոխանցել որդու զինվորական հագուստը, բայց առանց դատական վճռի ռազմականում հայտարարել են՝ ինքնասպան է եղել, զինվորական համազգեստը տալ չեն կարող։
«Ռազմականին ասում եմ՝ իմ տղայի հագի շորն եմ ուզում, պատասխանում են՝ ի՞նչ ես անում։ Ես իմ տղայի հոտ եմ ուզում քաշել, դա եմ ուզում։ Ես ինչ ասում եմ՝ ասում են այդ հարցերը դիր մի կողմ»,-ասաց նա։
«Վերևի պաշտոնյաները թող գնան պոստը ստուգեն։ Իրենց պոստը բարդակ է։ Իրենց պատասխանատոն ո՞ւր է։ Սարգիսի պոստի տղաները, որ իջել են դիրքերից ինչո՞ւ չեկան ցավակցելու, իսկ ինչո՞ւ չեն եկել, եթե մաքուր լինեին կգային։ Ես մեկին մեղք չեմ առնում, բայց իմ էրեխուն խփել են։ Ինքը ճիշտ խոսացող էր, ինչ կար դեմքին ասում էր»,-ասաց մայրը մեկ այլ ուշագրավ տեղեկություն հայտնելով։
«Դեպքի օրն իմ տղայի պոստը փոխել են, իր ընկերների հետ չի եղել։ Էլի Վերին Շորժայում է եղել, բայց իր մշտական պոստում չի եղել»,-թե ինչու են որդուն այլ դիրք տեղափոխել մայրը պատասխան չունի։
Քննչական կոմիտեն այս դեպքը որակել է ինքնասպանություն։
«Եկան ասացին աղջկա համար է նման քայլի գնացել, պարտքերի համար, բայց սուտ է, իմ տղան ինձնից գաղտնիք չի ունեցել։ Աղջկա համար նա իրեն չէր խփի։ Ռազմականն է ինձ ասել, որ աղջկա հարց է եղել»,-ասաց Թամարա Գասպարյանը, իսկ Սարգիսի եղբայրը՝ Նարեկ Խաչատրյանը ավելացրեց․
Սարգիսի հրազենային վիրավորումը եղել է կզակի հատվածում․ սա է գրված ՔԿ-ի հաղորդագրությունում։ Սակայն, ուշագրավ է, որ ընտանիքին դիահերձարանում մահվան վկայական չեն տվել՝ որտեղ պետք է նշված լինի կյանքի հետ անհամատեղելի վնասվածքի նկարագիրը։ Բացի այս մայրն ու եղբայրը չեն ճանաչվել նաև տուժողի իրավահաջորդ։ Սարգիսի մահվան կապակցությամբ ընտանիքին Պաշտպանության նախարարությունից որևէ մեկը չի այցելել, չեն այցելել նաև անմիջական հրամանատարն ու համածառայակիցները, միայն գնդի հրամանատարի տեղակալն է եկել ու առանց էական տեղեկություն հայտնելու հեռացել։