Նոր մանրամասներ՝ 8 մեքենաների ողբերգական վթարից․ արձանագրվել է մահ, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել
Պարզվել է երեկ՝ հուլիսի 22-ին, Երևանի Դավիթ Բեկի պողոտայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 2 մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնում կլինիկական մահ տարած, ապա բժիշկների կողմից փրկված վիրավորի ինքնությունը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ բախվել են Երևանի բնակիչներ 50-ամյա Արտաշես Չագլասյանի վարած «ԶԻԼ» մակնիշի, 44-ամյա Տիգրան Ասլանյանի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարները և Երևանի բնակիչ 47-ամյա Գագիկ Խաչատրյանի վարած «Nissan» մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Արարատ Պետրոսյանի վարած «BMW» մակնիշի, 28-ամյա Ժիրայր Ազիզյանի, ում բնակության վայրը պարզվում է, վարած «Mercedes» մակնիշի, Երևանի բնակիչ 75-ամյա Ղազար Գրիգորյանի վարած «Opel» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Գարիկ Սարգսյանի վարած «Toyota» մակնիշի և անհայտ անձ կողմից վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Ա․ Չագլասյանը և «Volkswagen»-ի վարորդը տեղում մահացել են, իսկ «Volkswagen»-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Սպարտակ Ավետիսյանը և Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Կարեն Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորներից մեկը կլինիկական մահ է տարել և սկզբից արձանագրվել է նրա մահը, սակայն բժիշկներին հաջողվել է նրան փրկել և վիրավորները գտնվում են բժիշկների հսկողության տակ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ 2024 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 09։58-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի 45 հասցեի դիմացի ճանապարհահատվածում, «Զիլ» մակնիշի ավտոմեքենան, վերջինիս վարորդի կողմից կառավարումը կորցնելու հետևանքով, բախվել է այլ մակնիշների 7 տրանսպորտային միջոցների։ Տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 3 հոգի մահացել է, 1 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։