ԻՀՊԿ-ն պայման է ներկայացրել Հորմուզի նեղուցի վերաբացման համար
Ըստ Fars գործակալության հաղորդման՝ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել թշնամական գործողությունները Իրանի դեմ։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել Իրանի կողմից Բահրեյնում, Հորդանանում և Քուվեյթում գտնվող թիրախներին հարվածներ հասցնելու վերաբերյալ։
ԻՀՊԿ-ն նաև պնդում է, որ ոչնչացվել են Բահրեյնում տեղակայված ԱՄՆ 5-րդ նավատորմի բազայի վառելիքի պահեստները։ ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել կառավարման և հրամանատարական կենտրոնին, պահեստամասերի ու ռազմական տեխնիկայի խոշոր պահեստներին, ինչպես նաև բազայի վառելիքի պահեստներին։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն իր հերթին հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները խոցել են տասնյակ թիրախներ՝ ավարտելով Իրանի ուղղությամբ հարվածների հերթական շարքը։
«CENTCOM-ը ավարտել է Իրանի դեմ հարվածների լրացուցիչ փուլը հուլիսի 14-ին՝ ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով ժամը 22:00-ին [Մոսկվայի ժամանակով 05:00-ին, հուլիսի 15-ին]՝ խոցելով տասնյակ թիրախներ Հորմուզի նեղուցի և Իրանի առափնյա շրջանների մոտ», - ասված է հրամանատարության հաղորդագրության մեջ։
ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը նաև հայտնել է, որ հարձակումը տևել է յոթ ժամ։
«Յոթժամյա ալիքի ընթացքում ամերիկյան կործանիչները, անօդաչու թռչող սարքերը և նավերը բարձր ճշգրտության զինամթերքի օգնությամբ հարվածներ են հասցրել իրանական հրթիռների և դրոնների տեղակայման վայրերին, ռազմածովային ուժերի միջոցներին, ափային պաշտպանության համակարգերին», - հայտնել է հրամանատարությունը: