Բուհերում ո՞ր մասնագիտություններն են պահանջված եղել, որոնք՝ անտեսվել դիմորդների կողմից

Ամեն տարի դիմորդների ինչ-որ մի հատված մտածում է՝ եթե այս տարի ավելի ցածր միավորով են ընդունվել այս կամ այն մասնագիտությունը, հջորդ տարի նախապատրաստվում են այդ մասնագիտությանը եւ այդտեղ կոնկուրսը մեծանում է: Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ ամփոփելով այս տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունները։


«Դա դիմորդների մի մասն է, մեծ մասը կողմնորոշված են մտնում քննասենյակ, կողմնորոշված են հայտը ներկայացնում և պայքարում են իրենց մասնագիտությամբ սովորելու համար: Անցյալ տարի Բժկական համալսարանի ստոմատոլոգիա բաժին ընդունվել են նաեւ 24 միավոր ստացած դիմորդները: Այս տարի ամենից մեծ մրցույթը այս բաժնում է, 1 տեղի համար 2,4 մարդ: Երկրորդ տեղում Հանրային քաղաքականություն եւ կառավարում մասնագիտությունն է, որտեղ 1 տեղի համար պայքարել է 2.3 մարդ: Հաջորդը նոր իրավագիտությունն է՝ 1 տեղի համար 2,1 մարդ: Մեզ համար անսպասելիորեն ԵՊՀ-ի հասարակայնության հետ կապերի բաժնում ունենք 1 տեղի համար 2 դիմորդ: Նույնիսկ քաղաքագիտությունը 1 տեղի համար 1,9 դիմորդ է եղել»,-ասաց նա՝ հավելելով, որ առաջին տասնյակում տնտեսագիտություն, ֆինանսաներ մասնագիտությունները չեն ընդգրկվել:


Հարցին՝ ո՞ր մասնագիտություններն են անտեսվել դիմորդների կողմից, Նասիբյանը պատասխանեց. «ԵՊՀ-ն եւ պոլիտեխնիկը տարկետման իրավունքով տեղեր ունեն: Եվ անցյալ տարի, եւ այս տարի ԵՊՀ-ում քիմիա մասնագիտության համար անվճար տեղ է, որը տարկետման իրավունք ունի տղաների համար, չի համալրվել: Եվ ագրարային համալսարանում, եւ կարծեք թե մանկավարժական համալսարանում պետական բուհերից տարեցտարի դիմորդների թիվը պակասում է: Քննությունների առաջին փուլի արդյունքում մոտավորապես 50 դիմորդ է համալրել ագրարային համալսարանի մասնագիտությունները: Նույնը կարելի է ասել մարզերի բուհերի մասին, բայց Ագրարային համալսարանը մարզի բուհից ավելի քիչ դիմորդ ունի այս տարի»:

Պատահարներ