Սևանը՝ Բաքվի ռազմավարական ծրագրերում, Ադրբեջանի համար կարևոր է. Դավթյան

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի՝ Սևանի մասին արված հայտարարությունը՝ այն դիտարկելով երկրի ջրային պակասորդի և տարածաշրջանային ռեսուրսների վերահսկման ձգտումների համատեքստում։


Փորձագետը գրել է, որ Ալիևի «ռուսական կայսերական քարտեզներում Սևանա լիճ գոյություն չունի, այլ կա Գյոյչա» արտահայտությունը պետք է դիտարկել Ադրբեջանի ներքին ջրային ճգնաժամի տեսանկյունից։ Դավթյանի խոսքով՝ այսօր ջրի խնդիրը դարձել է միջազգային անվտանգության առանցքային գործոններից մեկը, իսկ ՄԱԿ-ի Հազարամյակի նպատակների 6-րդ կետը վերաբերում է ջրային անվտանգությանը։ Նա նշել է, որ աշխարհի ավելի քան 1 միլիարդ մարդ զրկված է քաղցրահամ ջրից օգտվելու հնարավորությունից, և մինչև 2030 թվականը կարող է առաջանալ շուրջ 700 միլիոն կլիմայական փախստականների հոսք ջրի պաշարների սղության պատճառով։


Դավթյանը ընդգծել է, որ ջուրը վերածվել է ոչ միայն կենսական ռեսուրսի, այլև աշխարհաքաղաքական ազդեցության գործիքի։ Նրա խոսքով՝ Ադրբեջանում քաղցրահամ ջրի պակասորդը վերջին տարիներին խորացել է, և Ալիևն ինքն էլ խոսել է դրա ռացիոնալ օգտագործման անհրաժեշտության մասին։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ մեկ շնչին բաժին հասնող վերականգնվող քաղցրահամ ջրի ներքին պաշարները Ադրբեջանում կազմում են 851 խմ, իսկ Հայաստանում՝ ավելի քան 2329 խմ։


Փորձագետը նշել է, որ Բաքուն կանգնած է էկոլոգիական և սոցիալ-տնտեսական լուրջ սպառնալիքների առաջ, իսկ միջազգային փորձագետները զգուշացնում են հնարավոր էկոլոգիական աղետի մասին, եթե խնդիրը չլուծվի համակարգային ձևով։ Դավթյանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում Ադրբեջանը ձգտում է ապահովել նոր ջրային աղբյուրներ, և ջրի պակասորդը դարձել է նրա անվտանգության ու քաղաքական առաջնահերթություններից մեկը։ Սևանը, լինելով տարածաշրջանի կարևորագույն ջրային ռեսուրս, ըստ Դավթյանի, ներառվում է Բաքվի ռազմավարական հաշվարկներում։

Քաղաքականություն