Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը Բաքուն ապացուցված համարեց

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը ադրբեջանցի պետական մեղադրողն ապացուցված է համարել: Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակված դատական նիստում գլխավոր դատախազի առաջին օգնական Վյուսալ Ալիևը հայտարարել է, թե մեղադրյալներին վերագրվում են հանցագործություններ, որոնք իրականացվել են սկսած 1998 թվականից մինչև 2023-ի սեպտեմբերի 20-ը: Այս մասին հայտնում է ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը։


«Հարցաքննվել են մեղադրյալները, տուժածներն ու վկաները: Իբրև մեղադրող կողմ` մենք կարծում ենք, որ մեղադրյալների մեղքը հիմնավորված է ապացույցներով», - իր մեղադրական ճառում ասել է Ալիևը` ընդգծելով, թե շուրջ մեկ տարի տևած դատաքննության ընթացքում մոտ 100 նիստ են գումարել:


Վյուսալ Ալիևը նաև հայտարարել է, թե մեղադրյալներն անուղղակի մասնակցել են «այն հանցագործություններին, որոնք Հայաստանի պետությունը իրականացրել է սկսած 1998-ից մինչև 2023-ի սեպտեմբերը»:


Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն Ադրբեջանը մեղադրում է պատերազմ սկսելու և իրականացնելու, ցեղասպանության, ահաբեկչության, իշխանության բռնի զավթման և այլ ծանր հանցագործությունների մեջ:


Նշենք նաև, որ մեղադրող դատախազը պնդել է, թե դատարանի առջև այսօր կանգնած են բազմաթիվ հանացագորություններ իրականացրած անձանց ընդամենը մի մասը:

Քաղաքականություն