Խամենեին. Իրանի և ԱՄՆ-ի համագործակցությունը անհնար է
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև համագործակցությունն անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Իսրայելին և միջամտել Մերձավոր Արևելքի գործերին։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Խամենեին այս մասին ասել է ուսանողների հետ հանդիպման ժամանակ՝ նվիրված 1979 թվականին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավման տարելիցին։
«ԱՄՆ-ի համագործակցությունն Իրանի հետ անհնար է՝ հաշվի առնելով Ամերիկայի կողմից շարունակական աջակցությունն անիծյալ սիոնիստական վարչակարգին, ինչպես նաև ամերիկյան ռազմակայանների առկայությունը և միջամտությունը տարածաշրջանային գործերին»,- նշել է Խամենեին։
Նա հավելել է, որ սխալ է կարծել, թե երկու երկրների միջև տարաձայնությունների պատճառը «մահ Ամերիկային» կարգախոսն է։





























