Կրթվե’նք և որակները չայլասերե’նք. Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում մեջբերումներ է արել Կոնֆուցիուսից:


«Սաներից մեկն ասաց. «Բարձր արժանիքներով մարդը նախ շահում է մարդկանց վստահությունը, ապա նոր միայն մոբիլիզացնում նրանց: Առանց այս վստահության մարդիկ իրենց չարամտորեն օգտագործված կզգան:


Բարձր արժանիքներով մարդը նախ շահում է իր արքայազնի վստահությունը, ապա նոր միայն քննադատում նրան: Առանց այս վստահության արքայազնն իրեն զրպարտված կզգա»:


The Text of The Analects, Chapter 19, 19.10.


Դուքսը հարցրեց Կոնֆուցիուսին. «Ես ի՞նչ պետք է անեմ, որպեսզի մարդիկ լինեն հարգալից, հավատարիմ և ջանասեր»:

Վարպետը պատասխանեց. «Նրանց հետ արժանապատվորեն վարվի՛ր, և նրանք կլինեն հարգալից: Դու ինքդ եղի՛ր լավ հայր և լավ զավակ, և նրանք կլինեն հավատարիմ: Տեղ տու՛ր ուժեղներին և կրթի՛ր անկարողներին, և նրանք կլինեն ջանասեր»:


The Text of The Analects, Chapter 2, 2.20.


Վարպետն ասաց. «Եթե մեկը կարող է երկիրը կառավարել` հավատարիմ մնալով արժեքներին և հարգանք դրսևորելով, ապա ուրիշ ոչինչ չկա սրան ավելացնելու: Եթե մեկը չի կարող կառավարել` հավատարիմ մնալով արժեքներին և հարգանք դրսևորելով, ապա ի՞նչ իմաստ ունեն արժեքներն առհասարակ»:


The Text of The Analects, Chapter 4, 4.13.


Վարպետն ասաց իր սանին.


- Լսե՞լ ես արդյոք վեց որակների և նրանց վեց այլասերումների մասին:


- Ոչ:

- Նստիր, ես հիմա քեզ կբացատրեմ: Այսպես ուրեմն՝


1. Մարդկայնություն. առանց կրթվելու` այն վերածվում է հիմարության:


2. Ինտելեկտ. առանց կրթվելու` այն վերածվում է թեթևամտության:


3. Ասպետություն. առանց կրթվելու` այն վերածվում է ավազակության:


4. Անկեղծություն. առանց կրթվելու` այն վերածվում է դաժանության:


5. Քաջություն. առանց կրթվելու` այն վերածվում է բռնության:


6. Ուժ. առանց կրթվելու`այն այլասերվում է, վերածվում` անարխիայի:


The Text of The Analects, Chapter 17, 17.8.


Հ.Գ. Եւ կրկին՝ կարդալիս պետք է միշտ մտապահենք, որ այս մտքերն արտահայտվել են մեզանից 2570 տարի առաջ:

Դա կստիպի վերանայել այն ծայրահեղ կարեւորությունը, որով շոյում ենք ինքներս մեզ եւ մեր հսկայական էգոն։ Կստիպի չափել այն իմաստությունը, որ ձեռք ենք բերում 50-60 տարվա տեւողությամբ մեր գիտակցական կյանքի ընթացքում, որից, ընդ որում, հազիվ 15 տարին ենք նվիրում կրթվելուն:


Եւ վերջապես՝ կստիպի նորից գիտակցել, թե որքա՜ն անցողիկ և աննշան է մեր գոյությունը, և որքա՜ն հին և մնայուն է այն արատը, որի օրենքներով ապրելով վատնում ենք մեր այս փոքրիկ եւ աննշան կյանքը։


Կոնֆուցիուսից 2570 տարի անց, կրթվե՛նք և մեզ հղկե՛նք, կրթվե՛նք և բարձր արժանիքներով օժտվե՛նք, կրթվե՛նք և որակ ստանա՛նք, կրթվե’նք եւ որակները չայլասերե’նք, կրթվելը նորաձեւ է»,- գրել է Հայաստանի վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը:

Քաղաքականություն