Ոստիկանները տան անդամներին դուրս հանեցին. բուժքույրը՝ 3-ամյա Տիգրանի սպանության մասին
Ոչ մի բան չեմ կարող ասել, հանելուկային է ամեն բան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Ծափաթաղ գյուղի բուժքույր Ալմաստ Վարդենյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ 3-ամյա Տիգրանին, նախնական տվյալներով, խեղդամահ է արել հայրը։
Հարցին, թե նախկինում հոր կողմից ագրեսիվ վարք դրսևորվե՞լ է, Վարդենյանը պատասխանել է.
«Չեմ լսել, չեմ նկատել։ Հայրը՝ Արմենը, ոստիկանական մեքենայի մեջ էր, բերեցին, իջեցրին, գնացին տան հետևը։ Բոլորին տնից հանեցին դուրս, մենք դրսում կանգնած ենք։ Տանը ոչ մի գործողություն չի կատարվել։ Ես չեմ հավատում այս ամենին։ Տան անդամները ոչ մի բան չէին խոսում։ Տեղի ունեցածը հանելուկային ու անհավատալի է»։
Ավելի վաղ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ երեխայի հայրը խեղդելու ճանապարհով սպանել է իր 3-ամյա որդուն՝ Տիգրանին։ Նախարարի խոսքով՝ հոր նախնական ցուցմունքների համաձայն, դեպքը տեղի է ունեցել ներընտանեկան հարցադրման շրջանակում, իսկ հետո նա իրականացրել է երեխայի մարմնի տեղափոխություն։
Այս պահին Ծափաթաղ գյուղում՝ Տիգրանի տանը, շարունակվում են քննչական գործողությունները։ Տան բակում և ներսում աշխատում են քննիչներ ու ոստիկաններ, ովքեր հարցաքննում են ընտանիքի անդամներին։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին ոստիկանությունը հաղորդում էր ստացել 2022 թվականին ծնված Տիգրան Օգանեսովի անհետանալու վերաբերյալ։ Մի քանի օր անց երեխայի մարմինը հայտնաբերվել էր դաշտամիջյան հատվածում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանություն)։






























