Բջջայինը՝ կոշիկի մեջ, bluetooth՝ շղթայից կախված. ի՞նչ հնարամտությունների են դիմել դիմորդները
Առաջին անգամ մենք օգտագործեցինք մետաղորսիչներ, ինչը եւ մեզ համար, եւ դիմորդների համար նորություն էր: Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ ամփոփելով այս տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունները։
«Իմ տպավորությունն այն է, որ դա միանշանակ դրական ազդեցություն թողել է: Այնուամենայնիվ մի հատված, որը եւ այն ժամանակ, եւ հիմա փորձել է մտնել հեռախոսով կամ այլ համակարգով: Ունեցել ենք դիմորդներ, որ մտել են վզին շղթա է, ոչինչ չի երեւում, մետաղորսիչը մոտեցնում ես, զնգում է, բայց երբ բարձրացնում ենք, ներքեւում արդեն bluetooth է: Ունեցել ենք շրջանավարտ, որ վզին մանյակ էր, բայց դա սարք էր, որը եւ խոսում էր, եւ ընդունում էր: Ունեցել ենք դիմորդներ, որ ականջի մեջ գնդիկներ էին դնում, ինչը վտանգավոր է: Ինձ ասացին, որ հետո գնում են բժշկի, մագնիսով են հանում, քանի որ շատ խորն է լինում: Առաջին անգամ տեսանք նաեւ, որ կարող են կոշիկի մեջ հեռախոս տանել: Պատկերացրեք՝ եթե այդ մետաղորսիչները չլինեին, ինչքա՞ն տարբերակներ կան հեռախոս կամ այդպիսի այլ սարքեր տանելու:
Մի քանի դեպքեր են եղել, որ սարքերը տեղադրում էին սանհանգույցների աղբարկղերում, գնում, նայում էին, հեռախոսը հետո էին բերում»,-ասաց նա:
Նասիբյանը հավելեց, որ երբ դիմորդի մոտ հայտնաբերվում է որեւէ սարք, ըստ կարգի նա հեռացվում է քննասենյակից՝ անկախ նրանից, թե որ ժամին են հայտնաբերել սարքը. «Եղել է դեպք, որ մեկ քննասենյակից, որտեղ ներկա է 50-60 դիմորդ, 5-6 հոգու հեռացրել ենք»,-ասաց նա: