Որակապես այսպիսի ուժեղ թիմ երբեք Օլիմպիական խաղերի չենք ուղարկել. Կարեն Գիլոյան
Հայաստանի օլիմպիական հավաքականը թեպետ մեծաթիվ չէ, սակայն որակապես ուժեղ թիմ է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
«Որակապես այսպիսի ուժեղ թիմ երբեք Օլիմպիական խաղերի չենք ուղարկել: Այո, մասնակիցների թիվը քիչ է, բայց որակը շատ բարձր է: Մենք, վստահաբար, գնում ենք մեդալներ նվաճելու: Ամեն ինչ վկայում է, որ մարզիկները պետք է լավ ելույթ ունենան»,-ասել է Գիլոյանը:
Վերջինս շեշտեց, որ նման եզրահանգման եկել է վերջին տարիներին միջազգային ասպարեզում հայ մարզիկների գրանցած արդյունքներ հիման վրա: Ըստ Կարեն Գիլոյանի՝ մեդալային հավակնություններ ունի առնվազն 10 մասնակից:
Մինչ այս Փարիզ-2024-ի ուղեգիր է ապահովել 14 մարզիկ՝ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (ազատ ոճ, 65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ), բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը: Դեռևս հստակ չէ մեկ աթլետ մասնակցի անունը: