Ռազմական

Ռուսաստանում կարող է նոր զորահավաք սկսվել․ WSJ-ն ներկայացրել է բացառիկ մանրամասներ

Ռուսաստանում կարող է նոր զորահավաք սկսվել․ WSJ-ն ներկայացրել է բացառիկ մանրամասներ

Պետդումայի սեպտեմբերյան «ընտրություններից» հետո Կրեմլը կարող է զորահավաքի նոր ալիք նախաձեռնել՝ Ուկրաինայի ռազմաճակատ հազարավոր նոր զինվորականների ուղարկելու համար․ այս մասին գրում է The Wall Street Journal (WSJ) պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմում ունեցած իր աղբյուրներին։ Վերջիններիս փոխանցմամբ՝ Ռուսաստանի իշխանությունները դիտարկում են նման սցենարը, քանի որ պայմանագրայինների հոսքը նվազել է, ինչն էլ խոչընդոտում է ամբողջ Դոնբասը գրավելու նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերի իրագործմանը։ WSJ-ն ընդգծում է, որ, ի տարբերություն առաջին ալիքի, երբ զորակոչվում էին զինվորական փորձ ունեցող տղամարդիկ ու պահեստազորայինները, նոր զորահավաքի տակ կարող են ընկնել նվազագույն պատրաստվածություն ունեցող կամ ընդհանրապես կռվելու ցանկություն չունեցող ռուսաստանցիները։



ՌԴ զինված ուժերում զորահավաքի նոր փուլի հավանականության մասին է փաստում նաև Մոսկվայի Ստրատեգիաների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ հուլիսին ռուսական զորքերի առաջխաղացման տեմպերը կազմել են ընդամենը 37,85 քառակուսի կիլոմետր։ Նրա խոսքով՝ եթե Պուտինը որոշի չհրաժարվել Դոնեցկի և Լուգանսկի մարզերն ամբողջությամբ օկուպացնելու իր պահանջներից, «նա կարող է այլ ելք չունենալ, քան զորահավաք հայտարարելը»։ Ինչպես նշում է WSJ-ն, նման որոշման քաղաքական ռիսկերը կարող են գերազանցել ռազմաճակատում սպասվող ռազմական օգուտը, քանի որ որոշ ռուսաստանցիներ արդեն իսկ հայտարարում են զորահավաքի դեպքում դիմադրություն ցույց տալու պատրաստակամության մասին։ «Հենց իմ ձեռքը զենք տան, ես կգնդակահարեմ ինձ զորակոչողներին»,- պարբերականին հայտնել է 53-ամյա պահեստազորային սպա Դմիտրի Ռոգինը։


Զորահավաքի նոր ալիքի մասին լուրերին զուգահեռ՝ Ռուսաստանի մարզերում սկսվել են զորակոչային տարիքի տղամարդկանց զանգվածային ձերբակալությունները։ Օրինակ՝ Պենզայի մարզում վերջերս վերսկսվել է տեղի բնակիչներին բանակ պարտադիր ուղարկելու պրակտիկան․ մարդկանց հավաքագրումն ու ձերբակալումն իրականացնում են ուժայիններն ու քաղաքացիական հագուստով անձինք՝ տեղական իշխանությունների աջակցությամբ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նմանատիպ դեպքեր են գրանցվել նաև Ուդմուրտիայում, Ուլյանովսկի և Ռոստովի մարզերում։


Բացի այդ, վերջին շրջանում կտրուկ ավելացել է ռուսական ընկերությունների և պետական կառույցների կողմից հրապարակված այն թափուր աշխատատեղերի քանակը, որոնք նախատեսված են զինվորական հաշվառման և զորահավաքային պատրաստության մասնագետների համար։ Այս պահին HeadHunter հարթակում տեղադրված է նմանօրինակ շուրջ 2,5 հազար հայտարարություն, որոնցից գրեթե 1,3 հազարը հայտնվել են վերջին շաբաթվա ընթացքում։


Անցյալ շաբաթ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարում էր, որ 2026 թվականի առաջին կիսամյակում իշխանություններին հաջողվել է պայմանագրային ծառայության ներգրավել շուրջ 200 հազար մարդու․ համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, հենց Մեդվեդևի տվյալներով, պատերազմի համար հավաքագրվել էր ավելի քան 210 հազար հոգի։


Արևմտյան հետախուզական ծառայությունների գնահատականներով՝ 2026 թվականի միջնանցում ռուսական բանակի ընդհանուր կորուստները (զոհվածներով և վիրավորներով) հասել են 1,4 միլիոն մարդու, իսկ պայմանագրայինների հավաքագրման տեմպերն այլևս չեն փոխհատուցում կրած կորուստները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250