Ոչ մի սխալ չէր կարող լինել. մասնագետը՝ Կիրանցի շրջանում հողի սեփականության վկայականների մասին

Հայկական ԽՍՀ–ի, իսկ ավելի ուշ նաև Հայաստանի Հանրապետության իշխանությունները չէին կարող Կիրանցի շրջանում հողի սեփականության սխալ վկայականներ տալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ՀԽՍՀ գյուղնախարարությանը կից «Հայպետհողշիննախագիծ» պետական նախագծային ինստիտուտի («Армгипрозем») նախկին ղեկավար Սերգեյ Հարությունյանը։


Նա նախագծային ինստիտուտը ղեկավարել է խորհրդային տարիներին և անկախության շրջանում, եղել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության հողշինարարության և հողային կադաստրի վարչության ղեկավարը: 1980-ականների սկզբին անձամբ մասնակցել է Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև սահմանների ճշգրտմանը։


Լրատվամիջոցը Հարությունյանին խնդրել է մեկնաբանել, թե արդյոք «Հայպետհողշիննախագիծը» կարող էր սխալ քարտեզներ կազմել, իսկ կադաստրի կոմիտեն` սխալ փաստաթղթեր տրամադրել Կիրանցի շրջանում։


Բանն այն է, որ խորհրդային տարիներին «Հայպետհողշիննախագծի» կազմած` Կիրանցի շրջանի քարտեզներից մեկի կրկնօրինակի վրա Տավուշի գյուղի մուտքի մոտ գտնվող կամուրջն ու հարակից տարածքը, որոնք հիմա Ադրբեջանին են հանձնվում` համաձայն ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի` 1976թ.-ի քարտեզի, Հայկական ԽՍՀ–ի կազմի մեջ են մտնում։ Եվ բնակիչներն այդ հատվածների համար կադաստրի կոմիտեի կողմից տրված սեփականության վկայականներ ունեն։


Ընդ որում` Հայաստանի գործող իշխանությունները հայտարարում են, որ անշարժ գույքի կադաստրային վկայագրերը Տավուշի Կիրանց գյուղի որոշ բնակիչների նախկինում սխալմամբ են տրվել: Սակայն այն հարցը, թե արդյոք «գետնի վրա» երբևէ գյուղով անցնող սահման գոյություն ունեցել է, թե ոչ, չեն մեկնաբանում։


Հարությունյանը պատմել է, որ խորհրդային տարիներին «Հայպետհողշիննախագծի» կազմած սահմանային հատվածների քարտեզները համաձայնեցվել են Հայկական, Ադրբեջանական ԽՍՀ-ների և Մոսկվայի իշխանությունների կողմից:


«Այն տարածքները, որոնց համար մենք սեփականության վկայականներ ենք տվել, մեր տարածքն է։ Ոչ մի սխալ չէր կարող լինել։ Ադրբեջանը պայքարում էր ամեն կտորի համար, նրանք թույլ չէին տա իրենց տարածքի համար փաստաթղթեր տրամադրել»,-ընդգծել է Հարությունյանը։


Նրա խոսքով` Ադրբեջանում գոյություն ուներ սահմանների հստակեցմամբ զբաղվող նմանատիպ ինստիտուտ`«Азгипрозем»-ը, և սահմանային հատվածների քարտեզները համընկնում էին «Հայպետհողշիննախագծի» տվյալների հետ: Եվ ընդհանուր առմամբ տարբեր ԽՍՀ-ների «Гипрозем» ինստիտուտների կազմած քարտեզները համընկնում էին Մոսկվայի քարտեզների հետ և հիմք էին հանդիսանում ամբողջ ԽՍՀՄ-ի համար:


Քարտեզների տարբերությունը, ըստ Հարությունյանի, բացառվում էր։


Ինչ վերաբերում է ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբին, ապա այնտեղ օգտագործում էին նույն տեղագրական քարտեզները, բայց սահմանը նշում էին իրենց ունեցած խնդիրների շրջանակում։


«Մեր քարտեզները հիմք են: «Гипрозем»–ի կազմած քարտեզները չեն կարող սխալ լինել, դա պետական կառույց էր: Քարտեզներ է կազմել նաև գեոդեզիայի ինստիտուտը, բայց մեր քարտեզները համընկնում են: Մենք օգտագործել ենք նրանց քարտեզները և դրանց վրա մեր տարրերն ենք ավելացրել»,- ասել է Հարությունյանը` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ՀՀ ներկայիս կադաստրի կոմիտեն օգտագործում է այդ երկու ինստիտուտների քարտեզները:


Նա նաև ընդգծելէ ` բացառված է, որ քարտեզների վրա որևէ փոփոխություն արվեր սահմանամերձ շրջանների այն ժամանակվա գյուղխորհուրդների ղեկավարների նախաձեռնությամբ: Նրանք կարող էին միայն վարձակալության հանձնել. որպես սեփականություն փոխանցելու իրավունք ու հնարավորություն չունեին:


Հարությունյանն ինքը` որպես «Հայպետհողշիննախագծի» ղեկավար, այն ժամանակվա Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանի ղեկավարությամբ, 80-ականներին անձամբ է մասնակցել Մոսկվայի միջնորդությամբ ադրբեջանական ԽՍՀ-ի հետ սահմանների ճշգրտմանը:


«Մենք սկսել ենք Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող հանգուցային կետից: Հստակեցրել ենք ամբողջ սահմանը, և Ադրբեջանը դրանից հետո որևէ հավակնություն չի ունեցել»,- նշել է Հարությունյանը:


Ընդ որում, ըստ մասնագետի, այն ժամանակ իրենք սահման չէին գծում, այլ ճշտում էին արդեն գոյություն ունեցողը:


«Վերականգնում էինք հողօգտագործողների սահմանները (կոլտնտեսություններ, սովխոզներ. խմբ.): Այդգործընթացն այնքան ճշգրիտ էր, որ տասնյակ տարիներ անց մենք հայտնաբերեցինք սահմանային սյուների տակ պահպանված ածուխը, որն օգտագործվում էր որպես գծանշման համար առավել դիմացկուն նյութ: Եթե Հայաստանը սեփականության վկայականներ է տվել կադաստրային քարտեզներով, ապա այդ հատվածը չի կարող Ադրբեջան լինել։ Դա բացառվում է»,- շեշտել է Հարությունյանը։

Մանրամասնրեը՝ սկզբնաղբյուր կայքում։