Քաղաքականություն Կարևոր

Փաշինյանը՝ սահմանազատման հաջորդ փուլը Սյունիքից սկսելու մասին

Mariam Z.
Փաշինյանը՝ սահմանազատման հաջորդ փուլը Սյունիքից սկսելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոռնիձոր գյուղում «Ազատության» հարցին՝ «հնարավո՞ր է՝ սահմանազատման հաջորդ փուլը հենց Սյունիքից սկսվի», արձագանքել է. - «Այո, հնարավոր է, բայց ցանկացած ուրիշ տարածքում էլ հնարավոր է»:


«Գիտեք, որ էս պահին մենք կանոնակարգի նախագծի վրա ենք աշխատում, և ըստ նախնական պյմանավորվածության, նաև ապրիլի 19-ի արձանագրության մեջ դա ֆիքսված է, որ կանոնակարգի հաստատումից հետո հանձնաժողովները կորոշեն՝ որն է», - նշել է Փաշինյանը:


«Ես ուրիշ բանի վրա եմ ձեր ուշադրությունը ուզում հրավիրել, որ, տեսեք, ես երեկվանից Սյունիքի մարզում եմ և տասնյակ հանդիպումներ եմ ունեցել՝ և՛ սահմանամերձ, և՛ ոչ սահմանամերձ բնակավայրերում, ակնհայտ է, որ խաղաղության օրակարգը, իրական Հայաստանի օրակարգը և խաղաղության օրակարգը մեր ժողովրդի կողմից ընկալված է: Սա շատ կարևոր, ինձ համար շատ կարևոր, այ սա, հատկապես էս արձանագրման համար, և ինչը նշանակում է, որ մենք կարողացել ենք հաղորդակցել մեր ժողովրդին, թե մենք ինչ ենք անում և ինչի համար ենք անում, ինչը շատ կարևոր է», - ընդգծել է վարչապետը:


Այդ կոնտեքստում, ըստ Փաշինյանի, «սահմանազատման հարցերը, մյուս հարցերը, իրանք դառնում են աշխատանքային հարցեր, որ, իհարկե, Կառավարությունը պիտի շարունակի լայնորեն իրազեկել ժողովրդին, թե ինչ է տեղի ունենում, ինչի է տեղի ունենում, որն է դրա նպատակը, որոնք են բարդությունները, որոնք են ռիսկերը, որոնք են ռիսկերը կառավարելու մեր գործիքակազմը և մեթոդները, և էդ տրամաբանությամբ պետք է շարունակենք առաջ շարժվել»:


Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատումը մասնակի տեղի ունեցավ, Հայաստանը վերադարձնեց Ադրբեջանի պահանջած չորս գյուղերը՝ դրա դիմաց չստանալով 90-ականների պատերազմի ժամանակ Ադրբեջանի վերահսկողությանն անցած Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները: Այդ մասում սահմանազատում չիրականացվեց։


Վարչապետը դեռ չի մանրամասնել՝ սահմանազատվող հաջորդ հատվածները որոնք են լինելու։ Միայն հայտարարել է՝ հանձնաժողովներն այժմ համաձայնեցնում են համատեղ աշխատանքի կանոնակարգը, դա պետք է ստորագրվի, ապա անցնի ներպետական ընթացակարգերով, դրանով պետք է սահմանազատումը շարունակվի։ Ըստ պայմանավորվածության՝ համաձայնեցումը պետք է ավարտվի մինչև հուլիսի 1-ը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250