ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Չկա լույս, ջուր, գազ․ տիղմը գյուղի մեջ լցված է, իրավիճակն անելանելի է․ աղետը՝ Քարկոփում

Լոռու մարզի Քարկոփ գյուղը գրեթե դատարկ է, մնացել է մի քանի տղամարդ՝ գյուղը տիղմից հանելու աշխատանքները կատարելոււ համար։ NEWS.am-ին գյուղի բնակիչ Թագուհի Անդրեասյանը պատմում է՝ աղետի հետեւանքով զրկվել են ջրից, գազից ու լույսից։


Գյուղի բնակչությունը տարհանվել է հարակից գյուղեր, որոշները տուն են վարձել, որոշները հարազատների տներում են։


«Ամիսներ կտեւեն մինչեւ գյուղը կվերականգնվի: Ինչքա՞ն կարող էին բարեկամների տանը մնալ, եթե երկրորդ օրն է, ու տեխնիկական ոչ մի օգնություն չկա, պարզ է, որ հետագայում էլ չի լինի»,- ասում է բնկակչուհին ու հավելում՝ գյուղում նաեւ վառելիքի խնդիր կա, աղետից անվնաս մնացած գույքը հարակից գյուղ տեղափոխել չեն կարողանում:


«Գյուղը գլխավոր մայրուղուն կապող կամուրջն ամբողջությամբ փլուզված է: Մյուս ճանապարհը Ախթալայով էր, բայց այդ կամուրջն էլ է փլուզված: Հիմա Մադան գյուղով այլընտրանքային ճանապարհ են սարքում, բայց այդ ճանապարհով երթեւեկելը դեռեւս դժվար է»,- ասում է Թագուհին։


Բնակչուհին պատմում է, որ պետական կառույցներն առայժմ քայլեր չեն ձեռնարկել գյուղի փողոցները տիղմից մաքրելու համար․ «Քարկոփի վարչական ղեկավարը դիմել է խճի գործարանի ղեկավարությանը՝ խնդրել տեխնիկա տրամադրել, որպեսզի բնակիչները գոնե իրենց ուժերով կարողանան մաքրել տներն ու բակերը: Գյուղում միայն մեկ մթերային խանութ ունեինք, այն էլ ամբողջությամբ լցած է ջրով, ոչինչ հնարավոր չեղավ հանել: Երեկ համայնքապետարանը սնունդ է բաժանել բնակչությանը, բայց կան ընտանիքներ, որոնց հագուստ էլ է անհրաժեշտ: Շենքերի առաջին հարկերում ընդհանրապես ապրել հանրավոր չէ, նկուղային հարկերում ջուր է լցված»։


Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի եւ Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Վարարման հետեւանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։ Դեբեդի հունը երեկ 6 մետրով բարձրացել էր, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել էր 16 համայնքների ջրամատակակարումը, երեկ արդեն վերականգնվել է: Հեղեղի հետեւանքով այս պահի դրությամբ կա 4 զոհ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղեւորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման եւ Մ-1 Երեւան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչեւ Իջեւան հատվածը երթեւեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթեւեկությունը միակողմանի է։ Բեռնատարների համար փակ է Դիլիջան-Իջեւան հատվածը։