Շոկային վիճակ է, մեզ պատուհաններից են դուրս բերել․ Ալավերդու բնակիչը պատմում է դեպքի մասին
NEWS,am-ը զրուցել է Ալավերդու Սանահին կայարան թաղամասի բնակչուհի Գոհար Ապրեսյանի հետ, որը երեխաների հետ մնացել էր 4-րդ հարկի իր բնակարանում և չէր կարողացել դուրս գալ մինչև հեղեղը։
Նրանց փրկարարները պատուհանից են դուրս բերել․ «Երեկվանից շոկային վիճակ է մեզ մոտ։ Ջուրը որոշ չափով ցամաքել է, բայց տիղմ է հիմա էլ դարձել։ Մեր շենքի տղաների, փրկարարների օգնությամբ մեծ դժվարությամբ դուրս ենք եկել տնից։ Բարձրացել ենք Օձուն գյուղ, հիմա մայրիկիս տանն ենք ընտանիքով։ Ամուսինս աշխատանքի էր, մեքենան մնացել է ջրի տակ, ինքը անտառներով ոտքով հասել է Ախթալա։ Տանն էինք, որ ջրհեղեղ սկսեց, 2 ժամվա ընթացքում սկսեց ուժգնանալ։ Չէինք պատկերացնում, որ այդ աստիճանի կբարձրանա, որ առաջին հարկը կծածկի»,- պատմեց Գոհար Ապրեսյանը։
Բնակիչները խուճապի են մատնվել այն բանից հետո, երբ տեսել են, թե ինչպես է հեղեղը փլուզում շենքի դիմացի տնակները․ «Այնքան վարարեց, որ որոշվեց, որ բոլորը շտապ պետք է դուրս գան։ Սթրեսային վիճակում փորձում էինք պատուհաններից դուրս գալ։ Մենք չորրորդ հարկում էինք, այնքան էր ջուրը բարձրացել, որ շենքի փլուզման վտանգ կար։ Այն ինչ երեկ կատարվում էր միայն ֆիլմերում էինք տեսել։ Անպատկերացնելի վիճակ էր։ Ամենածանր տեսարանը տատիկներին ու պապիկներին տարհանելն էր»։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի և Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Դեբեդի հունը երեկ 6 մետրով բարձրացել էր, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել էր 16 համայնքների ջրամատակակարումը, այսօր արդեն վերականգնվել է: Հեղեղի հետևանքով այս պահի դրությամբ կա 4 զոհ։ ՇՄՆ-ից հաղորդում են, որ այսօր ժամը 08։00-ի դրությամբ երեկ 08։00-ին դիտված ջրի մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում. Դեբեդ գետի Այրում դիտակետում 105 սմ-ով , Ձորագետ գետում` 70 սմ-ով, Փամբակ գետում 50 սմ-ով, Տաշիր գետում 57 սմ-ով։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ասել էր, որ վնասի չափը դեռևս չի գնահատվել, սակայն այն սարսափելի մեծ է։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայող Արարատ Արոյանը մահացել է զորավարժության ժամանակ. մանրամասներ
2024 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել, որ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զ...
Հայտնի է աղետի վայրում զոհվածների անունները
Տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների...
Հեղեղումների հետևանքով անհետ կորած անձ է հայտնաբերվել․ նոր մանրամասներ
Հեղեղումների հետևանքով անհետ կորած 1 անձ հայտնաբերվել է։ Այս մասին ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախա...
Հարյուրավոր տարհանված բնակիչներ, այդ թվում՝ հղի կանայք․ փոխնախարարն՝ աղետի հետևանքների մասին
Այս պահի դրությամբ կա տարհանված 425 բնակիչ, որոնցից երկուսը հղի կանայք են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳ...