Ընկերոջ երեխայի կնունքին ալկոհոլի ազդեցության տակ խուլիգանություն է արել, գնացել, բերել է զենքը և կրակել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել են 39-ամյա տղամարդու կողմից խնջույքի ժամանակ հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:


ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված անձը 2024 թվականի մայիսի 21-ին մասնակցել է իր ընկերոջ երեխայի մկրտության առիթով կազմակերպված խնջույքին։ Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դրսևորելով ոչ ադեկվատ և ագրեսիվ վարքագիծ՝ խնջույքի մյուս մասնակիցների հետ նա խոսել է կոպիտ ու բարձր տոնով՝ փորձելով կոնֆլիկտ հրահրել: Ընկերոջ կողմից արված դիտողությունից և նրան հեռանալու պահանջ ներկայացվելուց վրդովված՝ 39-ամյա տղամարդը, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, վիճաբանել է ընկերոջ հետ, կին հյուրերից մեկի հասցեին հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ՝ տալով նաև անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ:


Շարունակելով իր խուլիգանական գործողությունները՝ տղամարդը գնացել է իր բնակության վայր, ապա խնջույքի վայր վերադարձել ապօրինի ձեռք բերված և պահվող ատրճանակով, դուրս է հրավիրել ընկերոջը և շարունակել վիճաբանել վերջինիս հետ։ Այդ ընթացքում իր մոտ ապօրինի պահվող ատրճանակով նա օդ է կրակել՝ խնջույքի մասնակիցների մոտ վախի զգացում առաջացնելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի, համակեցության կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով: