Հորդառատ անձրևների պատճառով Մեծ Մանթաշում փլուզվել է 350 մետր գազատար

Եղանակային պայմաններով պայմանավորված, Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ բնակավայրի շուրջ 350 մետր ճանապարհամերձ գազատար խողովակը փլուզվել է, որի հետևանքով դադարեցվել է համայնքի 10 բնակելի տան և հարակից հատվածում գտնվող մանկապարտեզի գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։


«Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, Մեծ Մանթաշի վարչական ղեկավար Նարեկ Մկրտչյանի, Շիրակ ԳԳՄ տնօրեն Թորգոմ Սուքիասյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի, շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ եղել է Մեծ Մանթաշում, հանդիպել բնակիչներին, լսել նրանց և պատասխանատու կառույցների ներկայացուցիչներին, որից հետո եղել է նաև բնակավայրի մանկապարտեզում։


Տնօրենի հետ զրույցում քննարկվել է բնակավայրում նոր մանկապարտեզ կառուցելու հարցը, քանի որ հաջորդ տարի սաների թիվը, ըստ նախնական տվյալների, կավելանա 27-ով։


«Մեզ համար կարևոր է առաջացած խնդրի օր առաջ լուծումն ու գազամատակարարման վերականգնումը, եղանակային պայմաններն, իհարկե, անբարենպաստ են, սակայն բոլորիս ջանքերը պետք է միտված լինեն մեր բնակիչների հոգսերի թեթևացմանը։ Շիրակի մարզպետի աշխատակազմը լիազորությունների և հնարավորությունների սահմանում կանգնած է բոլոր պատասխանատու կառույցների կողքին»,- նշել է Մուշեղ Մուրադյանը։


Մարզպետի հետ հանդիպման ժամանակ գազամատակարար և ճանապարհաշինական կազմակերպության պատասխանատուները խոստացել են համատեղ ջանքերով ամենասեղմ ժամկետներում վերացնել փլուզման հետևանքները և վերականգնել գազամատակարարումը»,- ասվում է հաղորդագրությունում։