Գործարանային մետրոյի կամրջի տակ «քաոս» էր տիրում. փրկարարներն արգելափակված քաղաքացիների են դուրս բերել

Մայիսի 25-ին Երևանում տեղացած հորդառատ անձրևի պատճառով հերթական անգամ Երևանում փողոցներ են անձևրաջրերով լցվել ու պատճառը դիտահորերի խցանումն է եղել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավթի վարչական շրջանի Թամանցիների փողոցում՝ Գործարանային մետրոյի մոտ՝ կամրջի տակ, մի իսկական քաոս էր տիրում. մեծ թվով ավտոմեքենաներ մնացել էին ջրի մեջ ու չէին կարողանում տեղաշարժվել:


Վարորդներին ու ու քաղաքացիներին օպերատիվորեն օգնության էին հասել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր 10-ից ավելի ավտոմեքենաներ դուրս բերեցին նշված վայրից:


Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:


Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջ-փրկարարները, հետո նրանց միացած Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի հանձնարարականով դեպքի վայր եկած թաղապետարանի կոմունալ բաժնի պետի գլխավորությամբ աշխատակիցները «Վեոլիա ջրի» հետ աշխատանքներ իրականացնեն՝ դիտահորերը բացելու ուղղությամբ: