Կացարանում զոհված 15 զինվորի գործով նիստը վեճով սկսվեց․ ծնողների նկատմամբ սանկցիա կիրառվեց

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով դատական նիստը սկսվեց վիճաբանությամբ։


Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում այսօր Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով կալանավորված ամբաստանյալ Մառլեն Սարգսյանի՝ դատարան չներկայանալու հիմնավորմամբ դատարանը պատրաստվում էր նիստը հետաձգել։ Դատարանի այդ հայտարարությանը զուգահեռ զոհված զինծառայողների ծնողները վրդովվեցին, հայտարարեցին, որ դատարանի գործողություններն անօրինական են, եւ, որ դատական նիստը պետք է շարունակվի։


Ամբաստանյալ Մառլեն Սարգսյանի նկատմամբ դատարանը սանկցիա էր կիրառել, ըստ որի՝ Սարգսյանը 2 դատական նիստի պետք է չմասնակցեր, սակայն դատարան այսօրվա դատական նիստի սկզբում հայտարարեց, թե Մառլեն Սարգսյանը չի ցանկացել ներկայանալ դատական նիստին, որպեսզի քննարկվի իր նկատմամբ կիրառված դատական սանկցիան վերացնելու հարցը։


Ամբաստանյալի պաշտպանն առարկեց դատարանի հայտարարությանը՝ նշելով, որ դատարանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, իր պաշտպանյալը ցանկացել է գալ, սակայն քանի որ կիրառված է եղել սանցկիա, այլեւս իմաստ չի ունեցել դատական նիստին ներկայանալը։


Դատարանն ակնկարկեց նիստը հետաձգելու մասին, ինչից հետո վիճաբանություն սկսվեց։ Ծնողները դժգոհում էին, որ իրենք տարբեր մարզերից գալիս, հասնում են Սեւանի նստավայր եւ ամեն անգամ նիստերը հետաձգվում են։


Դատարանը ծնողների նկատմամբ դատական սանցկիաներ կիրառեց, ինչից հետո իրավիճակն ավելի լարվեց, դատարանը ստիպված եղավ 20 րոպե նիստն ընդմիջել, որից հետո դատարանը հայտարարեց, որ նիստը շարունակվելու է՝ առանց ամբաստանյալի ներկայության։


Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։ Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։ Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։