Հայաստանում ծանր հիվանդությունների եռյակը՝ 2023 թ․-ին

ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակելու է բարձրացնել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման հասանելիությունը։ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հավաստիացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` ներկայացնելով կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թ.–ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։


«Հասանելիությունը պետք է մեծացնենք ոչ միայն ֆիզիկական, այլև ֆինանսական առումով, և այդ բուժսպասարկումը նաև որակյալ ու ներկայիս արդիական չափորոշիչներին, պահանջներին համապատասխան պետք է լինի»,–նշեց նախարարը։


Այս առումով նախարարությունը 2023 թ.–ին 46 միջոցառում է իրականացրել։


Ավանեսյանը հայտնեց, որ պետպատվերի շրջանակում հիվանդանոցային դժվարամատչելի բուժօգնության և սպասարկման ծավալները մեծացել են՝ մատուցած ծառայությունների թիվը կազմել է 861 845, ինչը 74 981–ով ավելի է եղել 2022 թ.–ի համեմատ։


Նրա խոսքով` ծանր հիվանդությունների եռյակը 2023 թ. նույնն է եղել` սրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, չարորակ նորագոյացություններ։ Նախարարը հավելեց նաև, որ չարորակ նորագոյացությունների բժշկական ծառայությունները 2023 թ.–ին ավելացել են 50 հազարով, ինչը 1.5 տոկոսով ավելի է 2022 թ.–ի ցուցանիշից։


«Պետության կողմից ձեռնարկվող միջոցառումների արդյունքում մենք ունենք դրական տեղաշարժ` հիվանդության հայտնաբերման աճ, մահացության նվազում` 1 տոկոսով։ Նաև բժշկական ծառայությունների հասանելիությունն է բերել սրան»,– ասաց Ավանեսյանը։


Ինչ վերաբերում է մոր և մանկան առողջության պահպանման միջոցառումներին, ապա նրա խոսքով` բավականին լավ ցուցանիշներ կան մեռելածնության նվազման առումով, մինչդեռ մանկական մահացության առումով դեռ չկա բարելավում` թվերը չեն նվազում։ Ավանեսյանն ընդգծեց, որ իրենք վերլուծում են` հասկանալու, թե հավելյալ ինչ միջոցառումներ պետք է անել այս ուղղությամբ։


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը նախարարից հարցրեց «Առողջ ծերացում» ծրագրի մասին, թե ինչ է այն իրենից ներկայացնում։


Ավանեսյանն էլ պատասխանեց, որ ծրագրի նպատակն է վերափոխել տարիքի նկատմամբ վերաբերմունքը, թե մարդը, կենսաթոշակային տարիքի հասնելով, պետք է անպայման գնա պասիվ կենսակերպի։


«Այս ծրագիրն ունի կրթական ու գործնական բաղադրիչներ։ Մեր շահառուները սովորում են ֆիզիկական ակտիվություն, որը չի վնասի նրանց առողջությունը, չի խորացնի խրոնիկ վիճակները, սովորում են նյարդաբանական վարժությունների մի ամբողջ համալիր, որն օգնում է պահպանել կոգնիտիվ հիշողության բոլոր հատվածները։ Այս ծրագիրը շատ մեծ ոգևորություն է առաջացրել տարեցների շրջանում»,– նշեց նախարարը։


Նա տեղեկացրեց, որ այս ծրագիրը դեռ իրականացվում է Երևանում ու որպես ենթակառուցվածք` օգտագործվում են դպրոցների շենքերը, որոնք ժամը 14-15։00–ից սկսած ազատ են։