Երկրի բնակչությունը կսկսի նվազել առաջիկա տասնամյակների ընթացքում․ ԶԼՄ-ներ

Երկրի բնակչությունն առաջիկա տասնամյակներում 14 – րդ դարում ժանտախտի՝ «Սեւ մահվան» համաճարակից հետո առաջին անգամ կսկսի կրճատվել ծնելիության մակարդակի կտրուկ նվազման պատճառով, հաղորդում է Telegraph թերթը՝ վկայակոչելով Lancet ամսագրում հրապարակված ամբողջ աշխարհում ծնելիության վերաբերյալ հետազոտությունը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


Թերթը հիշեցնում է, որ 14-րդ դարում տեղի ունեցած ժանտախտի համաճարակի հետևանքով Երկրի բնակչությունը 400 միլիոնից կրճատվել է մինչև 350 միլիոն մարդ, ընդ որում Եվրոպայի բնակչությունը նվազել է մոտ մեկ երրորդով: Նշվում է, որ սա պատմության մեջ միակ ժամանակաշրջանն է, երբ գրանցվել է մոլորակի բնակչության թվի նվազում:


«Համաշխարհային բնակչությունը, ինչպես սպասվում է, «Սև Մահից» հետո առաջին անգամ կկրճատվի՝ ծնելիության մակարդակի կտրուկ նվազման պատճառով»,-գրում է թերթը:


Թերթը նշում է, որ բնակչության թվի աճ ապահովելու համար ծնելիության ցուցանիշը պետք է կազմի 2,1 երեխա մեկ կնոջ համար, ընդ որում՝ 2021 թվականին ծնելիության համաշխարհային ցուցանիշը կազմել է 2,23: Սակայն Lancet–ում հոդվածի հեղինակները մատնանշում են այդ արժեքի նվազման կայուն միտումը. եթե 1950 թվականին ծնելիության համաշխարհային ցուցանիշը կազմում էր 4,84, ապա 2050 թվականին այն, ըստ կանխատեսման, կկազմի 1,83, իսկ 2100 թվականին՝ 1,59:


Lancet-ի տվյալներով՝ 2021 թվականին աշխարհում ծնելիության ցուցանիշով առաջատարներն են Չադը, Նիգերը և Սոմալին, որտեղ նրանք կազմել են համապատասխանաբար 6,99, 6,97 և 6,54: Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում ծնելիության ցուցանիշները 2021 թվականին կազմել են համապատասխանաբար 1,48, 1,49 և 1,64։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանում ծնելիության ցուցանիշը, ըստ կանխատեսման, մինչև 2050 թվականը կնվազի մինչև 1,33, իսկ մինչև 2100 թվականը՝ մինչև 1,21:


Օքսֆորդի համալսարանի ժողովրդագրական գիտությունների բաժնի տնօրեն Մելինդա Միլսը թերթին ասել է, որ հաշվի առնելով բնակչության թվաքանակի նվազման եւ դրա ծերացման միտումները, անհրաժեշտ կլինի հասարակության կյանքի առանցքային տարրերի «վերակազմավորում»:


«Սկսած պարենային անվտանգությունից ... և վերջացրած հենց երկրների ենթակառուցվածքներով։ Բնակչության կառուցվածքն ազդում է ենթակառուցվածքների այնպիսի բաղադրիչների վրա, ինչպիսիք են դպրոցները, բնակարանները, տրանսպորտը, առողջապահությունն ու կենսաթոշակները», - հայտարարել է Միլսը։


Հետազոտության համահեղինակներից մեկը, Վաշինգտոնի համալսարանի առողջության ցուցանիշների եւ գնահատման ինստիտուտի (IHME) առաջատար գիտաշխատող Նատալյա Բհաթաչարջին նախազգուշացնում է բնակչության թվի նվազման հետ կապված «միգրանտների համար մրցակցության» ի հայտ գալու մասին:


«Միգրացիայի հետ կապված խնդիրների գլոբալ ճանաչումը ... ավելի կարեւոր նշանակություն կունենա այն պայմաններում, երբ միգրանտների համար կատաղի մրցակցություն գոյություն կունենա տնտեսական աճը պահպանելու համար», - Բհաթաչարջիի խոսքերը մեջբերվում են Lancet-ի հոդվածի անոտացիայում: