Բուժօգնության պետպատվերի համար երկար սպասել պետք չէ. ներկայացվել է փոփոխությունների արդյունքը

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կարգում կատարված փոփոխությունները մի շարք առավելություններ են տալիս թե՛ բուժառուներին, թե՛ առողջապահական համակարգին։ Եթե նախկինում կար պետության կողմից սահմանված պայմանագրային գումար և բուժհաստատությունը այդ գումարի շրջանակում էր մատուցում ծառայությունը, ապա այսօր բուժհաստատությունների համար պայմանագրային գումար չի սահմանվում։ Փոխարենը, բուժհաստատությունը պետության կողմից ֆինանսավորում ստանալու է յուրաքանչյուր քաղաքացուն մատուցած ծառայության համար։


«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ահարոն Բարսեղյանը նշեց, որ այս նոր փոփոխությունները տալիս են բուժօգնության կազմակերպման անհարմարությունները վերացնելու հնարավորություն։


«Մենք նախկինում ստիպված էինք լինում պարբերաբար իրականացնել պայմանագրային գումարների վերաբաշխումներ, որպեսզի հնարավորություն ունենայինք բուժհաստատությունների միջև ապահովել համահարթեցում։ Այժմ այդ վերաբաշխումների անհրաժեշտությունը չկա։ Լուրջ առաջընթաց ունենք նաև բուժօգնությունն առանց հերթերի կազմակերպելու հարցում»,-ասաց Ահարոն Բարսեղյանը։


Նոր փոփոխություններն ուժի մեջ են մտել տարվա սկզբից, վերջին երկու ամսվա վերլուծությունները ցույց են տալիս բուժօգնությունն առանց հերթերի կազմակերպելու դրական արդյունքները։


«Քաղաքացին պոլիկլինիկայից ստանում է ուղեգիրը, որը տրվում է էլեկտրոնային տարբերակով։ Էլեկտրոնային ուղեգրերը հասանելի են նաև հիվանդանոցներին։ Քաղաքացին ընտրում է բուժհաստատությունը և մոտենում է այնտեղ, որտեղ էլ կազմակերպվում է բուժօգնությունը։ Վերջին երկու ամսվա վերլուծությունը ցույց է տալիս, որ 90 և ավելի տոկոսի դեպքում բուժառուն գնացել է և կարճ ժամկետում ստացել է բուժօգնություն։ Այսինքն՝ հերթեր չեն եղել»,- նշեց Ահարոն Բարսեղյանը։


Մասնագետն ընդգծեց, որ քաղաքացիներն էլ ստիպված չեն լինի ընտրել այն բուժհաստատությունը, որտեղ կա պայմանագրային գումարի մնացորդ։ Այս պարագայում սահմանափակումը վերացվում է, բուժառուն որ բուժհաստատություն որ գնաց, գումարը փոխանցվում է այդ բուժհաստատությանը։ Ըստ մասնագետի, ինչպես կանխատեսվում էր, ավելի անհամեմատ առաջանցիկ տեմպերով է գնում ծառայությունների մատուցումը, քան պետական բյուջեով հատկացված ֆինանսական միջոցներն են։ Դա հիմնականում վերաբերում է արտահիվանդանոցային պայմաններում դժվարամատչելի հետազոտություններին։ Պատասխանատուներն այդ աճը կրիտիկական չեն գնահատում։ Ամեն ինչ գնում է նախապես պլանավորած սցենարով։


Ահարոն Բարսեղյանը նաև նկատեց, որ այս նոր մոտեցումը կնպաստի բուժհաստատությունների միջև մրցակցության ավելացմանը։ Ընտրության հիմնական չափանիշը լինելու է բուժհաստատության մատուցած ծառայությունների որակը։

Քաղաքականություն