Ըմբշամարտի ԵԱ․ պայքարը սկսում է Արթուր Ալեքսանյանը, ՀՀ-ն ունի ևս 4 ներկայացուցիչ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը փետվարի 13-ին տեղի կունենան 60, 67, 72, 82 եւ 97 կգ քաշային կարգերի նախնական գոտեմարտերը: Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն Գեւորգ Ղարիբյանը (60կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ):


Եվրոպայի չեմպիոն, բրոնզե մեդալակիր Գեւորգ Ղարիբյանը (60կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ մրցակիցը Հունաստանի ներկայացուցիչ Իլիաս Զաիրակիսն է: Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Սլավիկ Գալստյանը (67 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ մրցակիցը Շվեդիայի ներկայացուցիչ Օլեն Նիկլաս Յան Օլով Պոնտուսն է:


Աշոտ Խաչատրյանը (72 կգ) նույնպես կմեկնարկի 1/8 եզրափակիչից եւ ուժերը կչափի 2019 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Բաքու-2015 Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Դոմինիկ Էտլինգերի հետ:


Կարեն Խաչատրյանը (82 կգ) նույնպես կմեկնարկի 1/8 եզրափակիչից: Մրցակիցը կլինի որակավորման փուլի Մատեյ Մանդիչ (Խորվաթիա) - Լուկաս Ստավդաչեր (Ավստրիա) զույգի հաղթողը:


Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխրահի քառակի, Եվրոպայի 6-ակի չեմպիոն, Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճած Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից: Մրցակիցը կլինի որակավորման փուլի Բեյտուլա Կաիսդագ (Թուրքիա) - Ռիչարդ Կառլսոն (Էստոնիա) զույգի հաղթողը:


Երեկոյան մրցահերթում Եվրոպայի երրորդ չեմպիոնության համար կպայքարի աշխարհի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Մալխաս Ամոյանը:


77 կգ քաշայինների եզրափակիչում Ամոյանը կգոտեմարտի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն թուրք Յուսուն Բասարի հետ:


Բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի 55 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի նորեկ Մանվել Խաչատրյանը: Մրցակիցը Բուլղարիայի ներկայացուցիչ Ստեֆան Գրիգորովն է:


Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած եւ քառորդ եզրափակիչում պարտված Դավիթ Օվասապյանը (130 կգ) կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար: Նրան հաղթած թուրք Ռիզա Կայալպը դուրս է եկել եզրափակիչ: Դավիթ Օվասապյանը բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն է ստացել:

Քաղաքականություն