Քաղաքացիությունը ներդրման դիմաց չի տրվում․ Արփինե Սարգսյանը՝ «ոսկե անձնագրերի» նախաձեռնության մասին
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա։
Այս մասին ասել է Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Եվրամիության վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով սահմանված՝ ներդրումների դիմաց քաղաքացիություն տրամադրելու կամ այսպես կոչված «ոսկե անձնագրերի» սխեմայից զերծ մնալու պահանջին։
Նախարարն ընդգծել է, որ այն կանխարգելիչ տրամաբանությամբ ձևակերպված հենանիշ է՝ լիովին համահունչ Հայաստանի քաղաքացիության ինստիտուտի բարեփոխումների օրակարգին և չի հակասում երկրի ներդրումային գրավչության բարձրացմանն ուղղված պետական ծրագրերին։
«Ժամանակ առ ժամանակ ներդրումների դիմաց քաղաքացիություն տրամադրելու հայեցակարգը քննարկվել է, և այդ քննարկումները նոր չեն։ Սակայն որպես ոլորտի պատասխանատու՝ իմ դիրքորոշումը հստակ և սկզբունքային է. քաղաքացիությունը չի կարող լինել ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն։ Այն ինստիտուտ է, որը պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա»,- շեշտել է Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը չի զարգացրել «ոսկե անձնագրերի» տրամադրման սխեմաներ, իսկ ներկայիս քաղաքական ուղղությունները ևս չեն նախատեսում նման մոդելի ներդրում։ ՆԳ նախարարն ընդգծել է, որ այս մոտեցումը որևէ կերպ չի սահմանափակում ներդրումային քաղաքականությունը, քանի որ ներդրումների խրախուսումն ու քաղաքացիության ինստիտուտը հիմնված են տարբեր տրամաբանությունների վրա և չեն կարող դիտարկվել որպես փոխկապակցված փոխարինելի գործիքներ։
«Մեր քաղաքական մոտեցումը հետևյալն է՝ ներդրումների համար մենք ստեղծում ենք կայուն և բաց միջավայր, իսկ քաղաքացիությունը պահում ենք որպես պետության հետ կայուն և իրական կապի վրա հիմնված ինստիտուտ։ Հիմա մշակում ենք «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող փաթեթ, որտեղ նաև խստացումների ճանապարհով ենք գնալու։ Սա նշանակում է, որ մենք վերաարժևորում ենք քաղաքացիությունը որպես ինստիտուտ»,- նշել է ՆԳ նախարարը։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1257394
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով զգալիորեն ընդլայնվում են այն իրավախախտումների ցանկը, որոնց հ...
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն։Ինչպես հաղորդում է APA-ն, ցորենով բեռնված վագո...