Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 180-ի
Ճապոնիայի Նոտո թերակղզու մոտ՝ Ճապոնական ծովի ափին, հայտնաբերվել են հզոր երկրաշարժերի հետևանքով զոհվածների ևս 20 մարմիններ։ Այսպիսով, զոհերի թիվը հասել է 180-ի։ Այս մասին հայտնում է NHK-ը՝ հղում անելով Իշիկավա պրեֆեկտուրայի իշխանությունների տվյալներին։
Տուժածների թիվը հասել է 565-ի։ Եվս 120 մարդ դեռ անհետ կորած է համարվում։ Տարհանվել է 28 հազար բնակիչ։ Երկրաշարժերից ամենաշատը տուժել է Իշիկավա պրեֆեկտուրան, որտեղ ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է 1370 տուն։ Տեղի բնակիչները խմելու ջուր չունեն. եռացնում են աղբյուրների և գետերի ջուրը։ Ճապոնիայի կառավարությունը ծրագրում է տուժածներին 32 միլիոն դոլարի օգնություն տրամադրել։
Հունվարի 1-ից Ճապոնիայում գրանցվել է ավելի քան 1200 երկրաշարժ: Ամենահզոր երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,6 մագնիտուդ։ Այն ամենահզորն էր այս տարածաշրջանի համար 1885 թվականից ի վեր, երբ Ճապոնիայի իշխանությունները սկսեցին վիճակագրություն վարել: Սեյսմոլոգների կանխատեսմամբ՝ հետցնցումները կշարունակվեն ևս մեկ շաբաթ։