Նոր հակամարտություն աշխարհո՞ւմ․ Բրազիլիան զորքեր է կուտակում սահմանին․ BBC
Բրազիլիան հայտարարել է Վենեսուելայի հետ սահմանին հավելյալ զորքեր տեղակայելու մտադրության մասին այն բանից հետո, երբ Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն հայտարարեց Լատինական Ամերիկայի մեկ այլ երկրի՝ Գայանայի տարածքի մի մասը միացնելու մտադրության մասին։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։
Նավթով հարուստ Գայանա-Էսսեկիբո շրջանը պատկանում է Գայանային, սակայն Վենեսուելան վիճարկում է դրա իրավունքները 19-րդ դարի վերջից։
Անցած կիրակի Վենեսուելայի իշխանությունները համազգային հանրաքվե են անցկացրել այս տարածքի բռնակցման հարցով։ Քվեարկածների 95%-ը կողմ է արտահայտվել։ Չնայած այս տպավորիչ ցուցանիշին, հանրաքվեին մասնակցել է ընդամենը մոտ երկու միլիոն մարդ, այսինքն՝ ընտրելու իրավունք ունեցող բնակչության մոտավորապես 10%-ը։ Բայց նախագահ Մադուրոն քվեարկության արդյունքներն անվանել է անվերապահ հաղթանակ և չորեքշաբթի սկսել է իրականացնել Գայանա-Էսսեկիբոյի միացման ծրագիրը՝ առաջարկելով երկրի Ազգային ժողովին ընդունել այս տարածքը Վենեսուելայի կազմի մեջ ներառելու մասին օրինագիծը։
Նա նաև պետական նավթային ընկերությանը հանձնարարել է լիցենզիաներ տրամադրել տարածաշրջանի նավթահանքերի շահագործման համար։
Բացի այդ, այսուհետ Վենեսուելայի քարտեզների վրա Գայանա-Էսսեկիբոյի տարածքը կնշվի որպես երկրի մաս։ Նախկինում այն պատկերված էր որպես ստվեր, ինչը նշանակում էր, որ տարածքը վիճելի էր։
Գայանան իր զորքերը մտցրել է բարձր պատրաստվածության և խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջամտել իրավիճակին, որը սպառնում է ապակայունացնել ողջ տարածաշրջանը: Բրազիլիայի բանակը լրացուցիչ զորքեր և տեխնիկա է կուտակում սահմանամերձ Ռորաիմա նահանգ։
BBC-ին գրում է, որ եթե Վենեսուելան որոշի ռազմական ներխուժում Գայանա-Էսսեկիբո, ապա դա հնարավոր կլինի միայն Բրազիլիայի տարածքով։ Այն շրջաններում, որտեղ Վենեսուելան և Գայանան ուղղակիորեն սահմանակից են, զորքերի տեղաշարժը գործնականում անհնար է տեղանքի պատճառով: