Մեքենաներից գողություն կատարող 16 խումբ է բացահայտվել
Հանրապետությունում ավտոմեքենաներից գողություններ կատարելու դեպքերը 2024 թվականի 9 ամսվա համեմատ նվազել են, բայց այդ մասով հարցը շարունակում է մտահոգիչ լինել։ Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց ՀՀ ներքի գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Օբյեկտիվորեն, տրանսպորտային միջոցներից կատարված գործողությունների մասով խնդիր ունենք։ Վիճակագրական պատկերում արձանագրվել է 1443 դեպք, ինչը 5,4 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այսինքն՝ անցած տարվա 9 ամսվա համեմատ մենք ունենք տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների դեպքերի նվազում։ Միաժամանակ, օրվա տարբեր ժամերին բակային շրջիկ ծառայությունների կազմակերպման եղանակով բացահայտել ենք բազմադրվագ գողություններ կատարող 16 խումբ և շորթում կատարող 4 հանցավոր խումբ»,- նշեց Սարգսյանը։
Նա նաև ընդգծեց՝ այս արդյունքներն ինքը գոհացուցիչ չի համարում, քանի որ նման հանցագործությունները շարունակվում են։ Սարգսյանը շեշտեց, որ ՆԳ նախարարությունն այս հանցավորության մասով օրենսդրական նախաձեռնությամբ է հանգես եկել, որով տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողության առումով քրեական պատասխանատվությունը խստացվել է։ Ըստ դրա՝ արդեն նախատեսված է որպես միջին ծանրության հանցանք, իսկ նախկինում այն ոչ մեծ ծանրության հանցանք էր համարվում։






























