Էրդողանը մեղադրել է Իսրայելին Գազային օգնությունը խոչընդոտելու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը փորձում է կանխել Գազայի բնակիչներին մարդասիրական օգնության տրամադրումն ու վերակառուցման գործընթացը։
ТАСС-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության տնտեսական և առևտրային համագործակցության մշտական կոմիտեի նիստում Էրդողանը նշել է, որ Իսրայելի վարչակազմը հրադադարի համաձայնագրից հետո սպանել է ավելի քան 200 անմեղ մարդու՝ տարբեր արդարացումների ներքո շարունակելով իր օկուպացիոն գործողությունները։ Նրա խոսքով՝ այս հարձակումները ուղղված են խաղաղության դեմ, սակայն չեն խանգարի պաղեստինյան հարցի արդար և երկարաժամկետ լուծման որոնումներին։
Էրդողանը ընդգծել է, որ անհրաժեշտ է ավելացնել Գազայի բնակիչներին տրամադրվող մարդասիրական օգնությունը և սկսել վերակառուցման աշխատանքները, մինչդեռ Իսրայելի կառավարությունը, ըստ նրա, ամեն ինչ անում է դա կանխելու համար։
Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ հրադադարի հաստատման գործում ցուցաբերած նախաձեռնողական դիրքորոշման համար։
Էրդողանը նշել է, որ արաբական և մուսուլմանական երկրները չեն թույլատրի ո՛չ Արևմտյան ափի անեքսիան, ո՛չ էլ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը։






























