Լրտեսության ռիսկի հետ կապված՝ Իսրայելի բանակը դադարեցնում է չինական ավտոմեքենաների օգտագործումը

Իսրայելի պաշտպանության նախարարությունը և Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) սկսել են հրաժարվել չինական արտադրության ծառայողական ավտոմեքենաներից՝ անվտանգության նկատառումներով։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ մասնագետները մտահոգված են, որ այդ մեքենաների ներկառուցված տեսախցիկներն ու կապի համակարգերը կարող են տվյալներ հավաքել և փոխանցել չինական սերվերներ։


Որոշման արդյունքում ծառայությունից կհեռացվեն հարյուրավոր մեքենաներ, հիմնականում՝ յոթտեղանոց CHERY մակնիշի, որոնք տրամադրված էին ընտանիք ունեցող սպաներին։ Այժմ չինական ավտոմեքենաներով արգելված է մուտք գործել ռազմական բազաներ, իսկ մինչև 2026 թվականի սկիզբ նախատեսվում է ամբողջությամբ դադարեցնել դրանց շահագործումը։


Իսրայելական բանակը շեշտում է, որ այս քայլը կանխարգելիչ բնույթ ունի և նպատակ ունի պաշտպանել ազգային անվտանգությունը հնարավոր տեխնոլոգիական սպառնալիքներից։ Մասնագետների կարծիքով՝ նման սահմանափակումները կարող են տարածվել նաև պետական այլ կառույցների վրա։