Թալինի համայնքապետարանը աշխատանքներ է սկսել եկեղեցու բակում առանց համաձայնության
Արագածոտնի թեմը հայտարարում է, որ Թալինի համայնքապետարանը առանց թեմի վարչական խորհրդի հետ համաձայնեցման սկսել է աշխատանքներ իրականացնել եկեղեցու բակում։
Արագածոտնի թեմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համայնքապետարանը որոշել է ապամոնտաժել և նորոգել եկեղեցու ցանկապատը՝ առանց վարչական խորհրդին տեղեկացնելու և օրհնություն ստանալու։ Ըստ թեմի՝ վաղ առավոտից սկսվել են ապամոնտաժման աշխատանքները, մինչդեռ եկեղեցին իր ամբողջ տարածքով պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։
Թեմի վարչական խորհուրդը դատապարտել է այս քայլը՝ այն որակելով արհամարհական վերաբերմունք, սակայն ընդգծել է, որ պատրաստ է համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր կնպաստեն եկեղեցու շինարարական աշխատանքների իրականացմանը։
Նշվում է նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երկու կիրակի Հովհաննավանքում պատարագին մասնակցելուց հետո, այս կիրակի այցելելու է Թալին՝ մասնակցելու Տեր Թադեի մատուցած պատարագին։






























